Դատավոր Նախշքարյանը համարում է՝ վարույթը պետք է կարճվի
Բարձրագույն Դատական խորհուրդում մեկնարկել է դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը։ Նիստի մեկնարկից վայրկյաններ առաջ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեսայանը հեռացավ դահլիճից։
ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հայտարարեց, որ նիստը կվարի ինքը՝ որպես խորհրդի ամենատարեց անդամ։
ԱՆ ներկայացուցիչը նշեց, որ արդարադատության նախարարի հունվարի 31-ի որոշման պատճառ են հանդիսացել երեք լրատվամիջոցներին Զարուհի Նախշքարյանի տված հարցազրույցները, ինչպես նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում «Զարուհի Դանիելյան» օգտատիրոջ կողմից արված հրապարակումները։
Նախարարության ներկայացուցիչն ասաց՝ դատավորին վերագրվել է վարքագծի կանոնների որոշակի խախտումներ, մասնավորապես դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված խախտումներ։
«Մեր համոզմամբ, այդ խախտումները դրսևորվել են հետևյալում. դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ կողմից որոշման հրապարակման նախորդ օրը դատավոր Զարուհի Նախշքարյանը հրապարակային կարծիք է հայտնել դատարանում քննվող գործի վերաբերյալ, ինչպես նաև որոշման հրապարակումից հետո հրապարակային կերպով կասկածի տակ է առել տվյալ դատական ակտն ու դատարանի գործողությունները»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանը ֆեյսբուքյան իր էջում անցած տարվա դեկտեմբերի 26-ին հրապարակել էր ԲԴԽ նիստից մի լուսանկար ու գրել էր.
«Հարգանքներս դատավոր Աննա Փիլոսյանին։
Կողմ քվեարկած անձինք,
դուք եք այս որոշման հետ ապրելու։
Ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը։
ԴՈՒՔ»։
ԱՆ-ն խախտում է համարում նաև դատավորի այն հայտարարությունը, թե ԲԴԽ-ն չէր կարող նման որոշում կայացնել՝ հաշվի առնելով դատարանների գերծանրաբեռնվածությունը։
Զարուհի Նախշքարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է. «Ստացվում է, որ պետությունը իր պոզիտիվ պարտականությունը չկատարեց, դրա փոխարեն անհատ դատավորներին կարգապահական տույժի ենթարկեցին, իսկ մեկ դատավորի, որը շատ լավ դատավոր էր, դադարեցրեց լիազորությունները։ Գտնում եմ, որ դա հնարավոր չէր անել, քանի դեռ պետությունը գերծանրաբեռնվածության հարցը չի լուծել»։
ԱՆ ներկայացուցիչն ասաց՝ միջնորդության մեջ բազմաթիվ իրավական հղումներ կան դատավորի վարքագծի կանոնների վերաբերյալ, օրինակ, դրանցից մեկի համաձայն դատավորը պետք է ձեռնպահ մնա հայտարարություններից, որոնք կարող են ազդել արդար դատաքննության վրա։
Նախշքարյանը դիմել է ԱՆ-ին՝ խնդրելով կարճել կարգապահական վարույթը, հիմնավորելով, որ օգտվել է իր կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքից։ Սակայն նախարարը գտել է, որ կարճման հիմքեր առկա չեն։
ԲԴԽ-ում շարունակվում է միջնորդության քննությունը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Դատավոր Նախշքարյանը չի ասել՝ ես ձեր տիրու մերը
- ԱՆ-ն դիմել է ԲԴԽ-ին Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ
- Զարուհի Նախշքարյան. Այս պայմաններում որքանով է «մեղադրանքը» արդարացի՝ որոշեք ինքներդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան