Ֆրանսիան պիտի շարունակի ջանքեր գործադրել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման․ Էդուարդ Ֆիլիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության նախկին վարչապետ և Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն:
Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին 2020 թ․ արցախյան պատերազմի ու հետպատերազմյան ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Ամենայն Հայոց Հայրապետն իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանի կողմից տարվող ծավալապաշտական քաղաքականության, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծած հումանիտար աղետի, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ բռնազավթումների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և գերիների վերադարձման խնդիրների առնչությամբ։ Նորին Սրբությունը կարևորեց միջազգային հանրության և կառույցների հստակ դիրքորոշումն ու գործուն ջանքերը, որպեսզի կանխվի Ադրբեջանի որդեգրած դատապարտելի քաղաքականությունը։
Հայոց Հովվապետը հույս է հայտնել, որ արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի ու տարաշաշրջանում խաղաղություն կհաստատվի Ֆրանսիայի և բարեկամ երկրների աջակցությամբ, մեր ժողովրդի ամուր կամքով ու հավատքով։
Նորին Սրբությունը բարձրորեն գնահատել է պրն․ Էդուարդ Ֆիլիպի և իր գլխավորած պատվիրակության անդամների ներդրած ջանքերն ի խնդիր արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության։
Իր հերթին նախկին վարչապետն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան վերահաստատում է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Պրն․ Էդուարդ Ֆիլիպն անդրադարձավ նաև Եվրոպայի և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդներում Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող քայլերին՝ ուղղված Հայաստանի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը և ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը։ Էդուարդ Ֆիլիպը հավաստիացրել է, որ Ֆրանսիան պիտի շարունակի ջանքեր գործադրել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում