Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գ. Աջինյանին և Ք. Շխոյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան):
ՍԱՏՄ-ից մանրամասնում են՝ արտադրամասերը գործում են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:
Մասնավորապես՝ արտադրական տարածքներում հատակը, պատերի մակերևույթները վնասված են եղել՝ ջրանցիկ, չլվացվող նյութերով պատված, որոնք հնարավոր չէ լիարժեք լվանալ, հեշտությամբ մաքրել և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել,
առաստաղը չի պահվել նորոգ և պատշաճ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: