Շահնազարյան. Հայաստանում իշխանությանը հեռացնելու ծրագիր չի եղել, եղել է իշխանության գալու ծրագիր
«Իրականում այս իշխանությանը հեռացնելու ծրագիր չի եղել։ Եղել է իշխանության գալու ծրագիր»,- Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման ընթացքում ասաց Դավիթ Շահնազարյանը, որը 1992-1995 թթ. եղել է ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Նրա գնահատմամբ, Հայաստանի ներքաղաքական կյանքում քաղաքականություն չկա, փոխարենն այն լեցուն է խարդավանքներով։
«Ամբողջովին խարդավանքներ են։ Հայաստանի շահ գոյություն չունի։ Մի մասը պաշտպանում է Ռուսաստանի շահերը, մյուս մասը՝ հակառակը՝ ոտնահարելով Հայաստանի շահը։ Հայաստանի շահը չկա այսօր արտահայտված։ Ես իմ տեսակետն արտահայտել եմ ավելի քան մեկ տարի առաջ, այսօր մեր ազգային օրակարգը պահանջում է, որպեսզի անմիջապես դադարեցվեն բոլոր բանակցությունները թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ»,-ասաց Շահնազարյանը։
Անդրադառնալով Մյունխենում Ալիևի հնչեցրած հայտարարություններին խաղաղության պայմանագրի վերաբերյալ, Շահնազարյանն ընդգծեց՝ դրան վկայում էին այն մասին, որ հայկական կողմը կրկին զիջումների է գնացել, մինչդեռ Հայաստանի գործող վարչապետը կամ «կապիտուլյանտը» ոչ մի խոսք չասեց Հայաստանի օկուպացրած տարածքների մասին, գերիների մասին, չասեց, որ Արցախի օկուպացիան իրականացնում է Ադրբեջանը։
«Ես ուզում եմ հիշեցնել, դեռ 2019-ին եմ ասել, շատերը չէին հասկանում, Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Արցախի հարցն այս իշխանությունը փակել է, Ռուսաստանն էլ է դրա հետ համաձայն։ Հարցի քննարկման միակ ատյանը պետք է լինի Մինսկի խումբը։ Այսօր այն աշխարհքաղաքական իրավիճակը չէ, որ նման բան լինի, բայց այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունը որևէ ջանք չի իրականացնում, ու շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանը դեմ է դրան։ Նորից եմ ասում, քանի Արցախի հարցը չի լուծվել, այստեղ ոչ մի խաղաղություն չի հաստատվելու։ Աշխարհում այսօր ոչ մի փաստաթուղթ չի գործում, անվտանգության համակարգեր չկան»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին