Մենք այստեղ պետական որևէ մարմնի ներկայացուցիչ չենք տեսել.ՊՆ-ի նախկին շենքից վտարված բնակիչ
«Այս պահին մեկ պահանջ ունենք՝ թույլ տան երկրորդ վրանը տեղադրենք, որովհետև նույն վրանում չեն կարող տղամարդիկ և կանայք միասին մնալ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց արդեն 5-րդ օրը վրանում գիշերող ՀՀ ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչ Աննան:
Նրա խոսքով՝ շենքի 120 բնակիչների մի մասը, որը հնարավորություն է ունեցել, տեղափոխվել է բարեկամների տուն, իսկ մնացած մասը գնալու տեղ չունի և երեխաների հետ մնում է 20 ք/մ տարածքով վրանում: Այնտեղ բնակվում էին 6 ամսականից մինչև 8 տարեկան երեխաներ:
Panorama.am-ի հարցին, թե ինչո՞ւ չեն գնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած կացարանները՝ կինը պատասխանեց, որ ընդամենը 10 ընտանիք է կարողացել օգտվել այդ հնարավորությունից, քանի որ կա՛մ կացարանների մի մասը լրիվ դատարկ, բնակվելու համար ոչ պիտանի են եղել, կամ եղել են դեպքեր, որ նախարարության տված հասցեով և բանալիներով գնացել են, բայց այդ կացարաններում այլ ընտանիքեր են բնակվել և ստիպված են եղել հետ վերադարձնել բանալիները:
Աննան հայտարարեց, որ վրաններում ապրող ընտանիքները պետական որևէ մարմնի ներկայացուցչի չեն տեսել և կացարան ստանալու պատշաճ առաջարկ չեն ստացել:
Նստացույց անող բնակիչները հայտնեցին, որ երբ շենքն 2018 թվականին ազատվեց և իրենք եկան այնտեղ բնակվելու, շինությունը հսկող ոչ մի պետական կառույց չկար, որևէ մեկը իրենց չարգելեց բնակվել այնտեղ և շատ ընտանիքներ գումարներ հատկացրին բնակարանները վերանորոգելու համար, բայց մեկ շաբաթ առաջ շատ անսպասելի առավոտ շուտ մի քանի հարյուր ոստիկանով իրենց բռնի ուժով դուրս են հանել շենքից:
Անօթևան մնացած բնակիչները հայտարարում են, որ Պետական եկամուտների կոմիտեն, որի բալանսին է տեղափոխվել ՀՀ ՊՆ նախկին համալիրը, ոչ բոլոր կառույցներն է օգտագործում, մասնավորապես՝ բարձրահարկ շինությունը, որտեղ իրենք էին բնակվում դատարկ է: Նստացույցի մասնակիցների պահանջն է, որ իրենց թույլ տան վերադառնալ իրենց բնակարանները, իսկ ՊԵԿ-ը կարող է հարակից կառույցներում էլ իր գործունեությունը շարունակել, իրենք չեն խանգարի:
Նստացույց անողների մեջ կային Արցախյան բոլոր պետարզմենրի մասնակիցներ, որոնցից մեկը Սերո Խանզադյանի թոռն էր: Վերջիններս հայտնեցին, որ ոստիկանները թույլ չեն տալիս երկրորդ վրանը տեղադրել, այն դեպքում, երբ իրնք դրանք տեղադրում են շենքի հարակից մասնավոր տարածքում, որի սեփականատերը չի արգելել վրանների տեղադրումը:
Վրանում բնակվողները մեծ դժվարությամբ թույլ տվեցին Panorama.am-ի լրագրողներին նկարահանել ներսի պայմանները և կտրականապես արգելեցին երեխաներին նկարել՝ պատճառաբանելով, որ իրենց մասին բազմաթիվ հրապարակումներ ու ռեպորտաժներ են պատրաստվում, բայց այն չի օգնում խնդրին որևէ լուծում տալուն, իշխանությունները մնում են դրան անհաղորդ:
Նստացույցի վայրում Panorama.am-ի նկարահանող խմբի գտնվելու պահին իրեն վատ զգաց հերթապահող շտապօգնության անձնակազմի բուժքույրը և բուժանձնակազմը տեղի բնակիչներից Անուշադրի սպիրտ խնդրեց:
Տեսանյութը՝ ավելի ուշ:
Պատրաստեց՝ Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան