Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
Այսօր կինոյի հանճար Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է, նա 85 տարեկան է։
Նա ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, այժմ՝ Վանաձոր։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:
Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ: 1969 թ-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» (Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ) կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն:
«Տարվա եղանակները» (1975 թ.) և «Մեր դարը» (1982 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1985 թ.) կինոպոեմներին բնորոշ են թե նուրբ քնարականությունը, թե էպիկական հզոր շունչը:«Տարվա եղանակները» կինոպոեմը Հայաստանի լեռներում բնակվող հովիվների մասին է։ Հիմնական թեման մարդու և բնության միջև հակասություններն են և միևնույն ժամանակ հարմոնիան։
Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» (1992 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն» (1971 թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985 թ.) կինոնկարները:
Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում (1969 թ.)՝ Ռևազի դերում: Նա «Տարածական մոնտաժ» (1974 թ., «Վոպրոսի կինոիսկուսստվա», պրակ 15) աշխատության մեջ շարադրել է մոնտաժի իր տեսությունը:
Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.) շքանշանով, արժանացել «Մեծ» (2000 թ., միջազգային կինոփառատոն, Փարիզ), «Փարաջանովյան Թալեր» (2006 թ., «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների: Յիհլավայի (Չեխիա) վավերագրական ֆիլմերի միջազգային 19-րդ կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար։
««ԺԱՄԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ» ՓԵԼԵՇՅԱՆՆ ԱՅՍՕՐ՝ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ, ԴԱՌՆՈՒՄ Է 85 ՏԱՐԵԿԱՆ
«... Երկնքի աստղերի նման նա լուսավորում է մեզ անցյալից. նրա անցյալը լուսավորում է մեր ներկան: Ինձ համար Արտավազդ Փելեշյանը մեր ժամանակից դուրս է...». ԳՈԹՖՐԻ ՌԵՋՋՈ:
Շնորհավոր ՎԱՐՊԵՏ:
Առողջ ու խաղաղ երկար տարիներ Ձեզ»,- նշված է Հայաստանի Կինոգործիչների միության ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան
- Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ասիական պրեմիերան. «Կինոաշխարհ»
- Արտավազդ Փելեշյանի՝ առանձնահատուկ ծննդյան օրը Փարիզում. «Կինոաշխարհ»
- Հրատարակվել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը
- Արտավազդ Փելեշյանն այժմ գրում է 2 սցենար
- Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» մրցանակին. «Կինոաշխրահ»
- Դոկումենտալ կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնը կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար. kinoashkharh.am
- Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի հոնորարը նվիրաբերել է Արցախին