Տարօրինակ ու ցավալի է սակայն, որ դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջը.Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ողջունելի է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:
Հպարտ եմ, որ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները և զեկույցները հիմք են դարձել ՀՀ կառավարության այդ հայցի և այս որոշման համար:
Ողջունելի ու շատ կարևոր է նաև, որ դատարանը ամբողջությամբ ու միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ՝ ականների կեղծ թեմայով:
Տարօրինակ ու ցավալի է սակայն, որ դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ՝ ապացուցված չհամարելով, որ խափանումները տեղի են ունենում Ադրբեջանի կողմից: Այնինչ մենք չենք կարող համապարփակ ապացույցներ ներկայացնել դրա վերաբերյալ, քանի որ ընդհանրապես մուտք չունենք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այդ թվում՝ մեր կենսական ենթակառուցվածքների վնասման վայրեր:
Ամեն դեպքում շատ կարևոր եմ համարում առաջին երկու որոշումները և կուզեի շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի թիմին՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, իրավաբանական թիմին և բոլոր անձանց, ովքեր ներդրում ունեն այս նշանակալի հաջողության մեջ:
Պայքարը շարունակվում է, և մենք պետք է կարողանանք միջազգային հանրությանը պատշաճորեն ու հետևողականորեն ներկայացնել ադրբեջանական հանցագործությունները Արցախի ժողովրդի դեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ
- ԱՄԴ-ն պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան