ԿԽՄԿ-ն հայտնել է, որ պատրաստ է օգնել Ռուսաստանին և Ուկրաինային ռազմագերիների փոխանակման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների հնարավոր փոխանակման կազմակերպման գործում՝ «բոլորը բոլորի համար» սկզբունքով։ «Ռիա Նովոստի»-ին ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտ Մարդինին։
«Նրանք կարող են պայմանավորվել դրա շուրջ: ԿԽՄԿ-ն սովորաբար միշտ առաջարկում է իր մասնակցությունը որպես չեզոք միջնորդ: Մենք դա արել ենք շատ վայրերում, այդ թվում՝ վերջերս Եմենում:
Մենք դա կարող ենք անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջազգային զինված հակամարտության շրջանակներում։ Մեզ համար շատ օգտակար կլիներ գերիների մասին անձնական տեղեկատվություն ունենալ, որպեսզի կարողանանք դրանք կապել մեր տվյալների հետ, բայց դա պարտադիր չէ: Դա ընդամենը հակամարտության կողմերի պայմանավորվածությունն է», - ասել է Մարդինին։
Նա ընդգծել է, որ, ի վերջո, հարցը հիմնված է ռազմագերիներին փոխանակելու Մոսկվայի և Կիևի ցանկության առկայության կամ բացակայության վրա։
«Եթե նրանք համաձայնեն փոխանակել բանտարկյալներին՝ մասնակի կամ ամբողջությամբ, ապա մենք՝ որպես անաչառ, չեզոք մարդասիրական կազմակերպություն, ավելի քան ուրախ կլինենք աջակցել դրան», - վստահեցրել է նա։