ՀՀ ԱԳՆ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում ապահովել Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման անհապաղ իրականացումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշումները։
Հայտարարության մեջ ասվում է .
«Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշումները։
Դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։
Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Ի հակադրություն, Դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։
Այսպիսով, Դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և Դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին, մինչ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է։
Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք չի սպասել, որ հենց վաղն էլ Ադրբեջանը բացելու է Լաչինի ճանապարհը. Արա Ղազարյան
- Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ
- Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
- Իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են. Ռուբեն Վարդանյան
- ԱՄԴ-ն պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Հասան Համդանի. Լավ ենք հասկանում հայ ժողովրդի ցավը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին