Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն. ԵԽ պատգամավոր
«Բոլոր վկայությունները ցույց են տալիս, որ խոսքը գնում է մշակութային զտման և հայկական քաղաքակրթության ջնջման փորձերի մասին»,- Երևանում կայացած ասուլիսում ասաց փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին՝ խոսելով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին
Նա ընդգծեց, որ սա, իհարկե, էթնիկական զտումների առաջին քայլն է։
«Մենք համոզված ենք, որ այս դժվար ժամանակաշրջանում, որով անցնում է հայ ժողովուրդը, անհրաժեշտ է եվրոպական մեծ ներգրավածություն, որպեսզի կարողանանք պահպանել այս երկրի ժողովրդավարությունը և այն լինի շարունակական, թույլ չտանք շրջափակման պատճառով էթնիկական զտումներ»,- ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավորը։
Հարցին, թե ԵԽ պատգամավորները ի՞նչ ճնշում կարող են կիրառել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ՝ Ֆրանսուա Ալֆոնսին ասաց. «Միակ ճնշումը, որ մենք կարող ենք, դիվանագիտական ճնշումներն են: Եվրոպան հնարավորություն ունի, օրինակ, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Եվ մենք ուզում ենք այդ ճանապարհի վրա դնել ԵՄ-ին։
Մենք տեսնում ենք, որ ամեն շաբաթ Լաչինի միջանցքի բացման պահանջները գնալով ավելի շատանում են: Եվ կարող ենք տեսնել, որ ադրբեջանական թեզերը վարկաբեկվում են: Մենք պետք է ցույց տանք, որ այս հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Դա մենք գուցե և պահանջենք։ Կարծում եմ, որ Ալիևը միջազգային ճնշումների ներքո կվարկաբեկվի, կկորցնի իր վարկանիշը, Ադրբեջանի հետ տնտեսական հետաքրքրություններ ունեցող երկրները կհասկանան, որ համագործակցում են կրիմինալ կառավարության հետ։
Մենք բոլորս ամեն ինչ կանենք, որ միջազգային հանրությունն իր ուշադրությունը կենտրոնացնի այս հարցին: Իհարկե, դա շատ դժվար է»,-ասաց ԵԽ պատգամավորը:
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարող է կայունանալ միայն այն դեպքում, եթե կարողանան մոբիլիզացնել միջազգային հանրության ողջ ուշադրությունը:
Ֆրանսիացի պատգամավորի խոսքով, պետք է աշխատել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, քանի որ գրավյալ տարածքներում հայկական հուշարձանները վտանգված են։
ԵԽ պատգամավորները փաստահավաք առաքելությամբ Հայաստան են այցելել փետրվարի 21-24-ը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում:
Ասուլիսին ներկա ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակն այս պահին Լաչինի միջանցքը շրջափակումից դուրս բերելն է, Արցախի ժողովրդին մեկուսացումից հանելը: Ըստ նրա, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահների կարևոր դերակատարություն ունի։
Հարակից հրապարակումներ`
- Պետք չի սպասել, որ հենց վաղն էլ Ադրբեջանը բացելու է Լաչինի ճանապարհը. Արա Ղազարյան
- ԱՄԴ-ն պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը. Արցախի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան