«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը փորձելու է ամեն կերպ արդարացնել Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու իր որոշումը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արցախում այսօր շրջադարձային իրադարձություններ են սպասվում. բոլորը շունչները պահած սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա ուղերձին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՀ նախագահն իր ուղերձը հրապարակելու է կեսօրից հետո ֆեյսբուքյան իր էջում: Նշենք, որ այսօր Արցախի ԱԺ-ն նիստ է գումարելու, Արայիկ Հարությունյանին առաջարկել են գալ խորհրդարան և ԱԺ ամբիոնից ուղերձը հնչեցնել, սակայն վերջինս հրաժարվել է՝ նախընտրելով ուղերձով հանդես գալ ֆեյսբուքյան իր էջում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Հարությունյանն իր ուղերձում պատրաստվում է հայտարարել պետնախարար Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելու մասին: Հայտնել էինք նաև, որ Արցախի պետնախարարի նոր թեկնածուն գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է, որն, ի դեպ, հաստատել է արդեն, որ նախագահից նման առաջարկ ստացել է: Տեղեկացանք նաև, որ ԱՀ նախագահն իր ուղերձում հայտարարելու է նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու մասին, որը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է Արցախում ընդդիմադիր քաղաքական գործիչ ներկայացող Տիգրան Պետրոսյանը:
Արցախում վստահ են, որ Արայիկ Հարությունյանը փորձելու է ամեն կերպ արդարացնել իր՝ Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու որոշումը, ներկայացնելու է, թե դա Արցախում ներքաղաքական կյանքը հանդարտեցնելու համար է անում, մինչդեռ Արցախում ընդդիմադիրները վստահ են, որ նա դա անում է հենց Փաշինյանի պահանջը բավարարելու համար: Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից հետո որևէ նոր պաշտոնի մտադիր չէ անցնել, բայց շարունակելու է մնալ Արցախում:
Արցախի խորհրդարանական ընդդիմությունն էլ իր հերթին սպասում է Արայիկ Հարությունյանի այսօրվա ուղերձին, որպեսզի, դրանից ելնելով, քայլեր ձեռնարկի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան