Արամ Վարդևանյան. Շատ վատ երևույթ է, երբ մարդը 550 օրից ավելի գտնվում է անազատության մեջ
«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր իրականացրեց արդարադատություն Արամ Գասպարյանի նկատմամբ, որը 550 օրից ավելի կալանավորված է եղել»,-ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը, որը ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, «Ալֆայի Չիկո» անունով հայտնի Արամ Գասպարյանի պաշտպանն է։
Հիշեցնենք, որ ղարաբաղյան երեք պատերազմների մասնակից Ա. Գասպարյանն այսօր գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։
Վարդևանյանը նկատեց, որ անազատության մեջ գտնվելու ընթացքում Գասպարյանի առողջական վիճակը վատացել է, նա անցել է ծանր փորձություններով։
«Այսօր Գասպարյանի ծննդյան օրն է՝ 50-ամյակը, հետևաբար նման պայմաններում իրականացված արդարադատությունն էլ ավելի արժեքավոր է դառնում։ Փաստ է, որ երբ Ա. Գասպարյանը եղել է ազատության մեջ, ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, հիմա էլ պարզ է, որ նման վարքագիծ է ցուցաբերելու, քանի որ մենք խոսում ենք բարձր իրավագիտակցություն ունեցող, հայրենասեր մարդու մասին։ Նորմալ չէ, որ մարդ 550 օրից ավելի լինում է անազատության մեջ, սա շատ վատ երևույթ է։ Մեղմ եմ ասում»,-ասաց Վարդևանյանը՝ ավելացնելով, որ Գասպարյանին ազատ արձակելու համար նույնիսկ գրավի կարիք չկար, քանի որ, ըստ նրա, կալանքի հիմքեր չեն եղել։
Փաստաբանի խոսքով, պետք է մի քան հարց ուղղել դատավոր Կ. Ֆարխոյանին, օրինակ, ինչո՞ւ խափանման միջոցի հարց չի քննարկվել յոթ ամիս շարունակ, ինչո՞ւ դատավորների ժողովին մասնակցելու համար նիստը հետաձգել է՝ իմանալով, որ մարդն ունի առողջական խնդիրներ։
«Դատավորի դրսևորած վարքագծի վերաբերյալ դեռ իրավական գործընթացներ լինելու են, համոզված եմ։ Բայց եկեք խոսենք այն մասին, որ այսօր մի անարդարության վերջ դրվեց»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Գասպարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
- Արամ Գասպարյանի գործով դատական ակտը կհրապարակվի այսօր
- Վարդևանյան. Արամ Գասպարյանը վերջին տարիների քրեական հետապնդումների բացառիկ ռեկորդակիր է դառնալու
- Դատարանին Արամ Գասպարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել