Շիրակի նորանշանակ մարզպետը բացատրեց, թե ինչու է իր առաջին հանդիպումը եղել «Ալվան ծաղիկ» ՀԿ-ի հետ
«Ցանկացած կազմակերպություն, այդ թվում նաև՝ հասարակական, որոնք մարզի տարածքում գործունեություն են ծավալում ի շահ մարզի, բոլորին էլ պարտավոր ենք ընդունել և մեր մարզի համար ցանկացած լավ բան անող կազմակերպության նաև պատրաստ ենք աջակցել»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ բացատրելով, թե ինչու է այդ պաշտոնում իր առաջին հանդիպումը նշանակել «Ալվան ծաղիկ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ:
Նա ասաց, որ իր հանձնարարությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են մարզի տարածաշրջանների խնդիրների գույքագրումը:
«Գույքագրման աշխատանքներն ավարտելուց և իմի բերելուց հետո կներկայացնենք կառավարությանը և կլուծենք համայնքների բնակիչների խնդիրները»,-հայտարարեց մարզպետը:
Լրագրողի հարցին, թե ՔՊ-ից հանձնարարական ստացել է Անի համայնքում ընտրությունների ժամանակ կուսակցության թեկնածուի օգտին աշխատելու համար՝ Մուրադյանը հայտնեց. «Անի խոշորացված համայնքում ընտրություններ են, բնակիչներն են ընտրողները, ինչպիսի խոսակցություններ էլ լինեն՝ քվե տալը միանշանակ բնակչի գործն է»: