Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանն անդրադարձել են ԱԳՆ-ում
Փետրվարի 23-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր Ֆրանսուա Ալֆոնսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այս համատեքստում կողմերը կարևորել են Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր՝ ներառյալ միջխորհրդարանական համագործակցությունը։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլվել է համապատասխան բանաձևերում և զեկույցներում»,- ասվում է հաղորդագրությունում։