Շրջափակված Արցախում, էլեկտրաէներգիայի ու գազի խափանումների պայմաններում աճեցրել են բարձրարժեք գյուղմթերք
Արցախցի օգտատեր, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախի վարունգի ջերմոցներից մեկից ու գրել.
«Շուտով Արցախի խանութներում։
Ու կապ չունի թե Հաագայի դատարանը ինչ որոշում է կայացրել։ Եթե անգամ ճանապարհը բացեն, չի բացառվում, որ կրկին կփակեն, իսկ Արցախում կան բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները կարճ ժամանակում ունենալ տարբեր տեսակի ջերմոցային բանջարեղենի 100 տոկոսանոց արտադրանք։
Անհրաժեշտ է աշխատելու ցանկություն և կառավարության կողմից աջակցություն։
Սերգեյի և Արմենի նմանատիպը չունեցող ջերմոցի մասին անդրադարձը՝ շուտով»։
Ջերմոցատեր Սերգեյ Գրիգորյանը մանրամասնել է.
«Շրջափակված Արցախում, էլեկտրաէներգիայի ու գազի խափանումների պայմաններում աճեցրել ենք բարձրարժեք գյուղմթերք։ Մինչև ամսվա վերջ շուկայում կունենանք վարունգ, ավելի ուշ՝ պղպեղ։
Շնորհակալություն գյուղնախարարությանը ու «Արցախի ջերմատնային տնտեսությունների զարգացման ասոցիացիա» ՀԿ մեր անդամներին աջակցության համար, բոլոր նրանց, ովքեր աշխատել են նման արդյունքի համար։ Շնորհակալություն այս ամենի մեղավորին՝ Արմեն Գարաքյանին։
Գրագետ աշխատել է պետք»։