Առաքել Մովսեսյանը և Էդիկ Հարությունյանը ոսկե մեդալներ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարում
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել է Հայաստանի և ևս 7 երկրի շուրջ 130 ներկայացուցիչ:
Հուշամրցաշարն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:
Մրցաշարի եզրափակիչներին հետևել և պարգևատրման արարողությունն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից և այլ կառույցներից:
Երկրորդ անգամ անցկացվող հուշամրցաշարին մասնակցել են ըմբիշներ Մոլդովայից, Բելառուսից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, Հնդկաստանից, Բահրեյնից, Ռուսաստանից և Հայաստանից: Եզրափակչում Հայաստանն ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից 2-ը՝ Առաքել Մովսեսյանը (57 կգ) և Էդիկ Հարությունյանը (61 կգ), նվաճել են ոսկե մեդալներ: Լյովա Վարդանյանի հուշամրցաշարի հաղթողներ են ճանաչվել նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Դալգատ Աբդուլկադիրովը (65 կգ), բելառուս Նիկիտա Դմիտրիևը (70 կգ), ռուսաստանցիներ Մագոմեդ Կարդանովը (74 կգ), Մագոմեդ Աբդուլկադիրովը (79 կգ), Ալան Նայֆոնովը (86 կգ), Վրաստանի ներկայացուցիչ Անդրե Մարգիշվիլին (92 կգ), բելառուս Վլադիսլավ Կազլովը (97 կգ) և իրանցի Պաուլադի Ամիրալին (125 կգ):
Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Առաքել Մովսեսյանն արժանացել է նաև հատուկ մրցանակի՝ հաշվի առնելով այն, որ Լյովա Վարդանյանը մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել հենց այդ քաշային կարգում: Մրցանակը երիտասարդ ըմբիշին հանձնել է Լյովա Վարդանյանի որդին՝ միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:
Նշենք՝ մինչև 23 տարեկան ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը կկայանա մարտի 13-19-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուդապեշտում: