2 մլրդ 387 մլն դրամ` 19 համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարությունը պետական բյուջեից 2 մլրդ 387 մլն դրամ հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դա վերաբերում է 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի։
Այսպիսով, ըստ նրա, բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզում 2 ծրագրի համար կհատկացվի 209 մլն դրամ, Արարատ՝ 5 ծրագրի համար 827 մլն դրամ, Արմավիր՝ 5 ծրագրի համար 273 մլն դրամ, Լոռի՝ 3 ծրագրի համար 49 մլն դրամ, Կոտայք՝ 3 ծրագրի համար 176 մլն դրամ, Սյունիք՝ 4 ծրագրի համար 256 մլն դրամ, Վայոց ձոր՝ 1 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշ՝ 1 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշ՝ 3 ծրագրի համար 25 մլն դրամ, Գեղարքունիք՝ 3 ծրագրի համար 334 մլն դրամ:
Գնել Սանոսյանի խոսքով՝ Գեղարքունիքում կան նաև 27 ծրագրեր, որոնց համար հատկացվում է 207 մլն դրամ: «Այդ ծրագրերի համար գումար հատկացրել էին անցած տարվա դեկտեմբերին, բայց փաստաթղթային փաթեթների կամ շինարարական աշխատանքների ոչ պատշաճ վերջնական տեսքի և այլնի համար մարզպետարանը չի վճարել: Եվ հիմա դրանք բոլորը բերվել են պատշաճ տեսքի»,- ընդգծեց նա։
Նա նաև հայտնեց, որ բոլոր ծրագրերը 70-80 տոկոսով արված են, մոտենում են ավարտական փուլին:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ֆինասավորվող ծրագրերը վերաբերում են գազատարի կառուցման աշխատանքներին, մանկապարտեզի կառուցմանը, փողոցների աֆալտապատմանը, ոռոգման համակարգերի կառուցմանը և այլն։