Այս իրականությունը գնահատում ենք «գողացված ուրախության իրականություն». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Այս ողջ ժամանակահատվածում Վեհափառ հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի հետ միասին բազմաթիվ առիթներով անդրադարձ է կատարել այսօրվա իրականությանը, որը մենք, ընդհանուր առմամբ գնահատում ենք «գողացված ուրախության իրականություն», «խոցված իրականություն», միևնույն ժամանակ այն մեզ համար մնում է հույսի և վերականգնումի ճանապարհի իրականություն»,-«Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի բացման խոսքում ասաց Տավուշի թեմի առաջնորդ, Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Նա փոխանցեց Վեհափառ հայրապետի օրհնությունը և ջերմ գնահատականքը նրանց, ովքեր կազմակերպել են միջոցառումը և գեթ մի փոքր մտահոգություն ունեն և կյանքի առաքելություն են դարձրել պայքարն Արցախի համար:
«Շատ հստակ նշվել է, որ մեր գոյության, գիտակցության, ինքնության և ապրումների համար այսօր և ընդհանրապես Արցախը և ողջ հայ ժողովրդի ինքնությունը և, միևնույն ժամանակ, ինքնորոշման իրավունքն անսակարկելի են, սա այն բացարձակ սահմանագիծն է, որից այն կողմ մենք ուղղակիորեն չենք կարող անցնել»,-հայտարարեց Տեր Բագրատ Գալստանյանը:
Շեշտելով, որ արցախցիների ինքնորոշման իրավունքն անսակարկելի է՝ Տավուշի թեմի առաջնորդն հայտարարեց.
«Բոլորին շնորհավորում եմ այն խիզախումների համար, որ 35 տարի առաջ այս օրերին ապրում էր մեր ողջ ժողովուրդը՝ միտված լինելով Արցախի և ընդհանրապես լայն իմաստով, մեր կյանքի ազատագրությանը:
Վերստին հաստում ենք, որ մենք կոչված չենք վերջնականապես պարտվելու, այլ կոչված ենք այդ պարտությունից սովորելու, վեր կանգնելու, կռելու և կերտելու մեր նոր հաղթանակները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան