Աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, դուրս են եկել եզրափակիչ:
Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաղթահարել է նժույգթափեր վարժության որակավորման փուլը՝ վաստակելով 15.000 միավոր և երրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ: Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը հաջող են հանդես եկել օղակների վրա վարժությունում՝ վաստակելով համապատասխանաբար 14.533 և 14.500 միավոր: Ավետիսյանը 5-րդ, իսկ Դավթյանը 6-րդ տեղով է դուրս եկել եզրափակիչ:
Երեկ պայքարի դուրս եկած մարմնամարզիկներից որակավորման փուլը չի հաղթահարել միայն Հարություն Մերդինյանը: Նժույգթափեր վարժությունում նա զբաղեցրել է 9-րդ տեղը և լքել պայքարը:
Այսօր, պայքարի դուրս կգա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցում է մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է մրցաշարի մրցավարական թիմում:
Նախապատրաստվելով աշխարհի գավաթի խաղարկության փուլերին՝ մարմնամարզիկները փետրվարի 7-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Թբիլիսիում:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում, որին Հայաստանի ներկայացուցիչները ևս կմասնակցեն: Մարտին Բաքվում նախատեսված մրցաշարը հայ մարմնամարզիկները բաց կթողնեն, իսկ ապրիլի 27-30-ը հանդես կգան Կահիրեում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան