Լևոն Գևորգյան. Պետք է քաջ գիտակցենք, որ գործ ունենք մի պետության հետ, որը սահմանադրական իրավունքի մակարդակում հերքում է Հայաստանի՝ անգամ 29 հզ քկմ կոնցեպտը
«Ես առաջարկում եմ քննարկումը սկսել 1918 թվականի մայիսից, երբ ընդունվել են Հարավային Կովկասի երեք պետությունների անկախության հռչակագրերը»,-ասաց իրավաբան Լևոն Գևորգյանը՝ խոսելով Արցախի տիտղոսային պատկանելության մասին։
Նա հիշեցրեց՝ տարածքային վեճերն անխուսափելիորոն կապված են պատմական անցյալի հետ, ընդգծեց՝ պետք է գիտակցել, մենք գործ ունենք հակառակորդի հետ, որն ամեն օր ներգրավված է նարատիվների կառուցման ու դրանց աղավաղման կեղծման մեջ, զբաղվում է թե պատմության կեղծմամբ, թե անցյալի հետ կապված որոշակի դրվագների բարձրաձայնմամբ։
«Ստեղծվում է իրավական կեղծ պահանջատիրություն՝ հենվելով «անցյալի» վրա»,-ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի՝ 1918 թ. ընդունած անկախության հռչակագրերին, իրավաբանը նկատեց, դրանք հակասում են միմյանց, Ադրբեջանի անկախության հռչակագիրը սահմանում է իր ինքնիշխանությունը Անդրկովկասի փոխարքայության հարավային ու արևելյան շրջանների նկատմամբ, Հայաստանի անկախության հռչակագիրը հայտարարում է Հայաստանի ինքնիշխանությունը հայկական շրջանների նկատմամբ։
«Իմ կարծիքով, 1918 թ. մայիսն է Արցախի հիմնախնդրի սկիզբը։ Ադրբեջանը, Անդրկովկասի փոխարքայության հարավային ու արևելյան շրջաններ ասելով, ի նկատի ուներ
Ելիզավետպոլի գավառն ամբողջությամբ՝ Սյունքի, Արցախ, Գանձակ, Բաքու, Նախիջևան։ Ինչո՞ւ է սա կարևոր, քանի որ այս փաստաթղթի վրա հղում կա Ադրբեջանի այսօրվա Սահմանդրության մեջ։ Երբ մենք խոսում ենք Ադրբեջան պետության հետ դիվանագիտական հարաբերությունների ստեղծման, խաղաղության դարաշրջանի կերտման, խաղաղության պայմանգրի ստորագրման մասին, պետք է քաջ գիտակցենք՝գործ ունենք մի պետության հետ, որը սահմանադրական իրավունքի մակարդակում հերքում է Հայաստանի՝ անգամ 29 հզ քկմ կոնցեպտը։ Ինչո՞ւ, քանի որ այս երկրի սահմանադրական նկրտումները ծածկում են նաև Սյունիքը»,-մանրամասնեց իրավաբանը։
Լ. Գևորգյանն իր խոսքում վկայակոչեց նաև 1919 թ. օգոստոսի 22-ին ստորագրված Շուշիի ժամանակավոր համաձայնագիրը։ Երբ Շուշիի հարակից հայկական գյուղերում իրականացվում են ջարդեր, հայկական խորհուրդը ստիպված է լինում ադրբեջանական կողմի հետ ստորագրել ժամանակավոր համաձայնություն, որտեղ ճանաչվում է Խոսրով բեկ Սուլթանովի ժամանակավոր ադմինիստրացիան՝ ընդհուպ մինչև Փարիզի խաղաղության վեհաաժողովում երկու պետությունների միջև սահմանգծի հստակեցում։
«Փաստաթուղթն իր բնույթով ոչ այլ ինչ էր, քան ժամանակվոր ադմինստրացիայի արձանագրում։ Շատ կարևոր է հասկանալ, որ տիտղոսակիր պետությունը չի կարող լինել ժամանակավոր ադմինստրատոր իրեն պատկանող տարածքում։ Հետևաբար այդ փաստաթղթով Ադրբեջանը ճանաչում է, որ այդ տարածքն իրենը չէ։ Կարևոր է, որ խնդրի լուծումը դելեգացվում է Փարիզի վեհաժողովին, որն այդպես էլ իր պտուղները չի տալիս, քանի որ ընդունվում է Սևրի պայմանագիրը ու չի վավերացվում, այն բյուրեղացվում, 70 տոկոսով սառեցվում է Խորհրդային միության գոյության հաշվին, հետևաբար Խորհրդային միության փլուզումից հետո մենք ունենք արցախյան հարցի ոչ թե սկիզբ, այլ՝ վերաբացում»,-ասաց նա։
Իրավաբանը ելույթում անդրադարձավ նաև տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինքնորոշման իրավունքին։
Լևոն Գևորգյանը մասնակցում է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովին, որը նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին, անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութ։
Հարակից հրապարակումներ`
- Այս իրականությունը գնահատում ենք «գողացված ուրախության իրականություն». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
- Ռուբեն Վարդանյան. Արցախցիների մեծամասնությունը չի տեսնում այլ տարբերակ, քան անկախ լինելն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան