Այսօրվա իշխանությունների գործունեության ընթացքում Արցախը հայտնվել է անկլավային վիճակում. Օհանյան
«Այսօրվա իշխանությունների ծրագրերում նշված է, որ խաղաղությունը երաշխիք է անվտանգության, բայց խաղաղությունն ազգային անվտանգության արժեք է, երաշխիք չի կարող լինել»,- «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ 30 տարվա ընթացքում ստեղծվել էր անվտանգային կուռ համակարգ, որի հիմքում հենված են եղել Հայաստանն ու Արցախը, կարողանում էին կայուն զարգանալ։
«Արցախը սահմանապահն էր ամբողջ հայկական լեռնաշխարհի, բայց այսօր, այս իշխանությունների գործունեության ընթացքում Արցախը հայտնվել է անկլավային վիճակում»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները փորձում են ձեռքերը լվանալ, մինչդեռ իրենց գործունեությամբ է տապալվել ողջ բանակցային գործընթացը, իրենց գործունեությամբ երկիրը մտցրել են պատերազմի մեջ, պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել, որ մենք ունենանք հաջողությունները, իսկ բանակն ունցել է բոլոր նախապայմանները հաջողություններ ունենալու համար։
Նրա խոսքով, այսօր այլ իրավիճակ է ստեղծված, աշխարհագրական դիրքը, սահմանային, պաշտպանական համակարգի դասավորվածությունը զգալի մեծացրել է մեր առջև դրված խնդիրները հատկապես այն պայմաններում, որ հայկական բանակն արդեն որոշակի առումով կորցրել է իր մարտունակությունը։
Ս. Օհանյանն ասաց, որ միասնության շնորհիվ են տարիներ ի վեր հասել հաղթանակի, սակայն այդ միասնության գաղափարը 2018 թվականից հետո ջարդվել է։
«Հայաստանի այսօրվա իշխանությունները ճիշտ չեն կարողանում գնահատել այն ռազմաքաղաքական իրավիճակը, ստեղծված անվտանգության միջավայրը, արտաքին ու ներքին մարտահրավերները»,- նշեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ս. Օհանյանը շեշտեց, որ անվտանգային համակարգը տարիներ ի վեր զարգացել էր, ապահովել էին իրենց առջև դրված խնդիրների կատարումը, նախկին իշխանությունների օրոք լուրջ պայմանագրեր էին կնքվել, Հարավային Կովկասում բալանսի պահանման համար լուրջ աշխատանքներ էին տարվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին