Հայաստանը տարածքային պահանջներ չունի ոչ Ադրբեջանի, ոչ էլ իր հարևաններից որևէ մեկի նկատմամբ. ՔՊ-ական պատգամավորը՝ ԵԱՀԿ-ում
Հայաստանի ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ Վեհաժողովում փետրվարի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Իր ելույթում պատգամավորը նշել է.
«Տիկի՛ն նախագահ,
Երեկվա բանավեճի ընթացքում, երբ այս վեհաժողովի անդամները խոսում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և դրա անհապաղ վերագործարկման անհրաժեշտության մասին, մեր ադրբեջանցի գործընկերները նրանց հակադարձում էին այն փաստարկով, թե դեկտեմբերից ի վեր միջանցքով անցել են Կարմիր Խաչի և ռուսական խաղաղապահ զորախմբի մի քանի հարյուր բեռնատարներ: Հարցս հետևյալն է. երբվանի՞ց մենք սկսեցինք հաշվել բեռնատարների քանակը, որոնք սնունդ, դեղորայք և վառելիք են հասցնում մեր բնակավայրեր, երբվանի՞ց է ազատ տեղաշարժի իրավունքը դարձել մեծահոգության դրսևորում և դեռ որքա՞ն կարելի է ծաղրել միջազգային հանրությանը:
Հարգելի՛ գործընկերներ,
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս մեր նպատակը համակարտությունը հավերժացնելը չէ: Ճիշտ հակառակը. մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը Հարավային Կովկասում ատելության և բռնության շրջափուլը հաղթահարելու համար:
Ուստի ես ուզում եմ հստակ հայտարարել, որ Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է լուծել խնդիրները և կայունություն հաստատել մեր տարածաշրջանում:
Հայաստանը պատրաստ է առաջ մղել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացը՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով: Հայաստանը տարածքային պահանջներ չունի ոչ Ադրբեջանի, ոչ էլ իր հարևաններից որևէ մեկի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը, և այն պետք է լուծվի Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով:
Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավասության պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի ավելի քան 30 տարի: Ես ավելի երիտասարդ եմ, քան այս հակամարտությունը, և որպես երիտասարդ խորհրդարանական, որպես երիտասարդ որոշում կայացնող՝ ես չեմ ցանկանում այս հակամարտությունը ժառանգություն թողնել հաջորդ սերնդին:
Այս տարվա նախագահության կարգախոսն է՝ «Սա մարդկանց մասին է» (It's about people), և ես հավատում եմ, հուսով եմ՝ մենք հավատում ենք, որ դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այդպես չէ՞»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա