Իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողներ
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի կայքէջը, գրում է, որ համազեկոցողները ընդգծել են՝ իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ։
«Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ այնտեղից, և, ինչպես մեզ տեղեկացրել են, 954 մարդ դեռ մնացել է միջանցքի երկու կողմերում։ Այս միջանցքով թույլատրվում է տեղաշարժվել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մեքենաներին, ինչն ակնհայտորեն բավարար չէ բնակչության կարիքները բավարարելու համար։
Ավելին, կենսական նշանակություն ունի, որ ապրանքները ժամանակին առաքվեն ցանքի սեզոնին։ Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»- նշել են համազեկուցողները։
Բացի այդ, ըստ ԵԽԽՎ համազեկուցողների, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման և էլեկտրամատակարարման բազմակի ընդհատումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ խախտումների. բազմաթիվ մարդիկ արդեն կորցրել են աշխատանքը, իսկ երեխաները զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել ։
«Հիշեցնում ենք Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի մեր համատեղ հայտարարությունը, որում կոչ էր արվում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով կոչ էր արվում Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները «Լաչինի միջանցքով» անվտանգ երթևեկությունն ապահովելու համար, մասնավորապես՝ «բժշկական օգնության կարիք ունեցող ծանր հիվանդ մարդկանց և ճանապարհին դժվար կացության մեջ հայտնված այլ մարդկանց»։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որում նշվում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։ Մենք հրավիրում ենք Վեհաժողովի բոլոր անդամներին այս իրավիճակը հասցնել իրենց համապատասխան ազգային խորհրդարանների ուշադրությանը և միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու մեր կոչին»,- նշում են համազեկուցողները։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ԵԽԽՎ համազեկուցողները ուսումնասիրել են Ջերմուկ քաղաքում և Սոթք գյուղում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները։
«Արձանագրեցինք, որ քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցները հավաքվել և պահպանվել են հետագա փորձաքննության համար։ Մեզ ցույց տվեցին ադրբեջանական ռազմական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն վիճելի սահմանագծից շատ հեռու»,- նշել են ԵԽԽՎ համազեկուցողները։
Նրանք բարձր են գնահատում սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ծավալումը ՝ նշելով նախորդ առաքելության զգալի շոշափելի արդյունքները լարվածության նվազեցման գործում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցեր
- Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն. ԵԽ պատգամավոր
- ԱՄԴ-ն պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են․ Միրզոյան
- ԵԽԽՎ համազեկուցողները նախատեսել են այցելել Հայաստանի սահմանամերձ մարզեր
- Կոլոնան և Բլինքենը շեշտել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը
- Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է բացել Լաչինի միջանցքն ու վերջ դնել հումանիտար ճգնաժամին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան