ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 19 հարց
Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: ԱԺ հաղորդմամբ, քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և փետրվարի 28-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 19 հարց:
Օրակարգում է ընդգրկված նաև «Պետական գաղտնիքի մասին» նախագիծը։
Նախագծով առաջարկվում է պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար սահմանել առավել երկար պահպանման ժամկետներ: Մասնավորապես, առաջարկվում է գործող 30 տարվա փոխարեն պետական գաղտնիք պարունակող հատուկ կարեւորության տեղեկությունների պահպանման ժամկետը սահմանել 40 տարի: Հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետն առաջարկվում է սահմանել 30 տարի` գործող 10 տարվա փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը` երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Ներկայացված օրենքների նախագծով առաջարկվում է լուծել տարիների ընթացքում ոլորտում առաջացած իրավական խնդիրները, վերացնել օրենսդրական բացերը, առավել հստակ կարգավորումներ նախատեսել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների շրջանառության համար, միաժամանակ վերանայել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները եւ չափերը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ներկայացված օրենքի նախագիծն ինստիտուցիոնալ լուծումներ չի տալիս: Նա տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին եւ ներկայացնելու է հատուկ կարծիք: