Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արդեն 78 օր շարունակ արգելափակված լինելու պայմաններում, ինչպես նաև վերջին շրջանում ադրբեջանական հանցավոր գործողություններից բխող անորոշությունների ու սպառնալիքների հարուցած շարունակական սթրեսով պայմանավորված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։
Արցախի հանրապետության առողջապահության նախարարության հաղորդմամբ, դրանց թվում են․ սրտի իշեմիկ հիվանդությունը՝ 58%, գլխուղեղի կաթվածը՝ 36%, ծննդաբերական բարդությունները՝ 11.6% և մի շարք այլ հիվանդություններ:
Չափահասների և հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը դրսևորվել է նյարդաբանի ու հոգեբանի մոտ երեխաների այցերի 46% աճով, իսկ չափահասների դեպքում՝ 47%:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 25%-ով աճել են աղիքային անանցելիության պատճառով վիրահատական միջամտությունների դեպքերը, որը կարող է պայմանավորված լինել սննդում բջջանքի սղությամբ:
Իսկ գազամատակարարման պարբերական լրիվ ընդհատումներով ու թերի վերականգնմամբ պայմանավորված՝ արձանագրվել է շմոլ գազից թունավորման 30 դեպք:
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Երկուս ամսից ավելի է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում գնորդները ոչ թե հերթերից են դժգոհում, այլ գներից
- Արցախից 9 հիվանդ տեղափոխվել է Երևան
- Շրջափակված Արցախում, էլեկտրաէներգիայի ու գազի խափանումների պայմաններում աճեցրել են բարձրարժեք գյուղմթերք
- Արցախում վաղվանից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների դասագործընթացը
- Արցախում հոսանքի տատանումների պատճառով ավելացել է խափանված վերելակների մասին կանչերը
- Արցախում բնակվող անչափահաս երեխա ունեցող որոշ ընտանիքների կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն
- Արցախում մտադիր են հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ անել
- Արցախում մարդասիրական օգնությունն առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս
- Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները. ԱՆ