Հայաստանը հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը. Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ժամկետներ չեն նշվել։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Այս անգամ որևէ ժամկետ չի նշվել դատարանի կողմից: Որոշման մեջ նշվում է, որ այն ունի իրավաբանորեն պարտադիր բնույթ, ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար, այսինքն այն պետության համար, որի նկատմամբ կիրառվել է նման ժամանակավոր միջոց ու դա նշանակում է, որ պետությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի», - նշեց նա։
Ե.Կիրակոսյանն ընդգծեց՝ ժամկետ չնշելը նշանակում է, որ անմիջապես պետք է գործել։
Նա ասաց, որ այս աշխատանքը չպետք է կտրված լինի դիվանագիտական կամ քաղաքական աշխատանքից, ընդհակառակը՝ իրավական այս գործընթացները պետք է նաև համատեղվեն դիվանագիտական և քաղաքական աշխատանքով:
«Միջազգային իրավունքում կամ միջազգային հարաբերություններում դատարանների որոշումներն ու դրանց ի կատար ածումը շատ տարբերվում է ներպետական դատարանների որոշումների կատարման գործընթացից։
Ներպետականի դեպքում ունենք դատական ակտերի կատարումն ապահովող ծառայություն, իսկ միջազգային իրավունքում ու միջազգային հարաբերություններում չունենք նման ինստիտուտ, որը կզբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ։ Ամբողջ պրոցեսը, բնականաբար, քաղաքական է և այդ պրոցեսը ենթադրում է նաև աշխատանք»,- ասաց Կիրակոսյանը։
Ըստ նրա, այն մարմինը, որը որոշակի պատասխանատվություն կրում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռների և նաև որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է. «Դա այն մարմինն է, երբ որ խնդիր առաջանա, հարցը պրոբլեմային դառնա, պետք է կամ իրավասու լինի միջամտելու գործընթացին։ Ինքներս էլ հասկանում ենք, որ Անվտանգության խորհրդի միջամտությունն այսօր բարդ է, որովհետև կան մշտական անդամներ, որոնք աշխատում են իրենց տրամաբանությամբ, հարցի քաղաքականացվածությունը, կարծում եմ, շատ բարձր է։ Բայց մինչև դրան հասնելը, կարծում եմ, շատ այլ միջոցներ կան իրավական գործընթացից մաքսիմալ պտուղներ քաղելու համար»։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն ասաց, որ Հաագայի դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ-ներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություններ արեցին՝ հղում անելով դատարանի որոշման վրա։
«Կարծում եմ՝ դրանք կարևոր գործընթացներ են, դրանք պետք է ավելի շատանան, մաքսիմալ պետք է ուժեղացնել ճնշումն այս ուղղությամբ, միակ ճանապարհը դա է, ուրիշ ճանապարհ, ցավոք սրտի, չունենք», - ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։
Նրա գնահատմամաբ, որոշումն իրավաքաղաքական առումով կարևոր է, քանի որ բացի եռակողմ հայտարարությունից, ստացվում է՝ ևս մեկ իրավական պարտադիր փաստաթուղթ կա, որը ձևակերպում է Լաչինի միջանցքում անխափան անցնելու հանգամանքը կամ Ադրբեջանի՝ դա ապահովելու պարտավորությունը։
«Հայաստանը թե դիվանագիտական միջոցներով, նաև քաղաքական հնարավոր լծակներով պետք է շարունակաբար հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը»,- ասաց Ե.Կիրակոսյանը՝ հավելելով, որ պետք է որոշումների մասին պարբերաբար բարձրացվի տարբեր հարթակներում։
Հարցին՝ որոշումը կատարելու պարտադրանքի մեխանիզմները բացակայում են, բայց քաղաքական հետևանքներն ինչպիսի՞ն կարող են լինել չկատարելու դեպքում, նա պատասխանեց. «Քաղաքական հետևանքներ, բնականաբար, լինում են, երևի հիմա էլ կան, միգուցե շատ տեսանելի չեն։ Հետևանք չի լինում՝ երևի մի քիչ շատ ծայրահեղացված է ասված, քանի որ առնվազն գնահատականի տեսքով հետևանք լինում է, իսկ գնահատականի տեսքով հետևանքն էլ արդեն քաղաքական հետևանքն է»։
Նա հայտնեց, որ ժամանակավոր միջոցը կամ որոշումը ուժի մեջ է լինելու մինչև դատարանը վճիռ կայացնի։
Հարակից հրապարակումներ`
- Հաագայի դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար. Գուտերեշ
- Հաագայի դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար. Փաշինյան
- ՀՀ ԱԳՆ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում ապահովել Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման անհապաղ իրականացումը
- Պետք չի սպասել, որ հենց վաղն էլ Ադրբեջանը բացելու է Լաչինի ճանապարհը. Արա Ղազարյան
- Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ
- ԱՄԴ-ն պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
- ԱՄԴ-ն «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշում կհրապարակի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին