Ադրբեջանը ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը․ Միրզոյան
Ժնևում Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին և ձեռքբերումներին:
Արարատ Միրզոյանը նշել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021թ․ մայիս, նոյեմբեր և 2022թ․ սեպտեմբեր ամիսներին ագրեսիայի ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ՝ այս առնչությամբ կարևորելով միջազգային համապատաասխան կառույցների հստակ գործողությունները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացումը:
Միրզոյանն ընդգծել է մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հրամայականը՝ նշելով, որ Ադրբեջանն իր գործողություններով ակնհայտորեն ոտնահարում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի իր իսկ կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները, այլ նաև միջազգային հումանիտար իրավունքի նորմերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան