ԱՄԷ դեսպանատունն Աշտարակում ձմեռային վերմակներ է բաժանել
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունն էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության հովանու ներքո, ինչպես նաև ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ «Ձմեռակացի բարեգործական ծրագիր» է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Դեսպանությունից հայտնում են՝ բարեգործական արշավի վերջին կանգառն Արագածոտնի մարզում էր, որտեղ այսօր մարդասիրական օժանդակություն է տրամադրվել Աշտարակ համայնքի շուրջ 200 ընտանիքի։
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում շուրջ 1350 անապահով ընտանիքների տրամադրվել են ձմեռային վերմակներ ու էլեկտրական տաքացուցիչ սարքեր։
Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից տրամադրվող մարդասիրական և բարեգործական օգնությունները երկրի արտաքին քաղաքականության հիմնաքարն են, որոնց նպատակն է թեթևացնել հասարակության խոցելի խմբերի կենցաղային հոգսերը և բարելավել կենսապայմանները։
Ըստ աղբյուրի, նախագիծը կրում է ամենամյա բնույթ և իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։