Իրանի ԱԳՆ. Մեր սկզբունքային քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության
Ժնևում հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանին։
IRNA-ի փոխանցմամբ, իրանցի պաշտոնյան նշել է, երկու երկրների միջև հարաբերությունները պատմական ու խորն են, համապատասխանում են ողջ տարածաշրջանի շահերին։
«Մեկ անգամ չէ որ հայտարարել ենք, Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունները որևէ երկրի վնաս չեն հասցնում»,-ասել է նա։
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Իրանն աջակցում է կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների հարաբերությունների զարգացմանը։
«Սակայն մեր սկզբունքային քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության»,-ասել է իրանցի պաշտոնյան։
Ինչպես ընդգծել է իրանցի նախարարը, Հայաստանն ու Իրանը հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ ունեն հատկապես տնտեսական ոլորտում։
Իր հերթին Արարատ Միրզոյանը նշել է. «Մենք գոհ ենք Իրանի՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը հարգելու և տարածաշրջանի աշխարհագրությունը պահպանելու քաղաքականությունից։ Կարևորում ենք Իրանի հետ երկխոսությունն ու համագործակցությունը»։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը փետրվարի 27-28-ը աշխատանքային այցով Ժնևում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպմանը։