Հայաստանն իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ.
«35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։
Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով:
Ազգային ինքնության հողի վրա կատարված այս զանգվածային ոճրագործությունը լայն արձագանք ստացավ և դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից համապատասխան բանաձևերի ընդունմամբ: Սակայն ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին, այլև, ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում։
Այս արյունալի իրադարձությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան հապշտապ լքել իրենց տները՝ թողնելով իրենց ունեցվածքը ու գույքը, և այս տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չստացան իրացնել իրենց ոտնահարված իրավունքները։
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական իշխանությունների հիշյալ ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ, որոնց շարունակական դրսևորումների հետևանքով բռնի տեղահանվեցին նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով նաև Հադրութի, Շուշիի ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր:
Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափկված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է:
Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը:
Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը:
Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են:
Հայաստանի Հանրապետությունը, միևնույն ժամանակ, իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին, տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը համարելով անհետաձգելի հրամայական»:
Հարակից հրապարակումներ`
- «Սումգայիթ 1988» խորագրով վիրտուալ ցուցահանդես` նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին
- Սումգայիթի ջարդերից անցել է 34 տարի
- Արցախի ԱԳՆ. Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի
- Արցախի հերոս. Միայն հայ ժողովրդի միաբանումը կարող է դիմագրավել նոր սումգայիթյան ոճրագործություններին
- Դեպքերը լավ հունով չեն զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան. Տողանյան
- Սումգայիթի վերապրած. Աչքիս դեմն է, թե ինչպես երկու ամսական երեխային այրեցին գազօջախի վրա
- Երկրի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սումգայիթի զոհերի հիշատակին
- Սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ Վիեննայում
- Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամը ոգեկոչել է Սումգայիթում սպանված հայերի հիշատակը
- Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր. հայտարարություն
- Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյան
- Ծաղիկների խոնարհում՝ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
- Սերգեյ Մինասյան. Սումգայիթյան վայրագությունների կազմակերպիչներն ու կատարողներն այդպես էլ մնացին անպատիժ
- Սումգայիթյան ոճրագործությունը այդ ժամանակի համար ամենափաստագրված հատվածն է. Ռուստամյան
- Սումգայիթյան ջարդերը միջազգային հարթակներում չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի. Բաբլոյան
- «Սումգայիթյան ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության սկիզբն էին»
- Ադամ Շիֆ. Սումգայիթյան ջարդերը պատահականություն չէին
- Մ.Գրիգորյան. «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններով» գրքաշարի 2-րդ հատորը հզոր հարված է ադրբեջանական քարոզչությանը
- Լ. Ալավերդյան. Սումգայիթյան ջարդերի շուրջ անհրաժեշտ է փաթեթ կազմել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան