Բանջարեղենի անվան տակ հագուստ են ներմուծել
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում, բացահայտվել են մաքսային կանոնների խախտումների նոր դեպքեր։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են՝ ԱԱԾ կողմից դեկտեմբերի 17-ին մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով մանդարինի անվան տակ հագուստի ներմուծման դեպքի բացահայտումից հետո, ՀՀ ՊԵԿ կողմից կատարված ուսումնասիրությունների և հարցումների միջոցով պարզվել է, որ նույն կազմակերպությունների կողմից 2022թ. հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում նույն եղանակով տարբեր մրգերի և բանջարեղենի անվան տակ ՀՀ է ներմուծվել հագուստ՝ 21 տարբեր դեպքերով, ընդհանուր առմամբ 210 տոննա քաշով։
Նշվածի վերաբերյալ փաստաթղթերը կփոխանցվեն վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական վարույթի շրջանակում հետագա ընթացքն ապահովելու նպատակով։