Սպասողական վարքագիծը կարող է 2008-2009 թթ-ի ճգնաժամի առաջ մեզ կանգնեցնել. տնտեսագետ
Հայաստանում դոլարի արժեզրկումը շարունակվում է արդեն մեկ տարի։ Այսօր բանկերը մեկ դոլարը գնում են միջինը 385.83 դրամով, մինչդեռ ուղիղ մեկ տարի առաջ դոլարի փոխարժեքը 484-495 դրամի սահմաններում էր, մեկ ամիս առաջ՝ 400 դրամի։ Նույնը վերաբերում է եվրոյին։
Արդյունքում երկու հիմնական արժույթների՝ դոլարի ու եվրոյի նկատմամբ ունենք ազգային արժույթի գրեթե 20 տոկոսանոց արժևորում։
Տնտեսագետների գնահատմամբ, դոլարի արժեզրկումը պայմանավորված է Հայաստանում արտարժույթի մեծ ներհոսքով, իսկ դա սկսվեց ռուս-ուկրաինայան պատերազմից հետո։ Մասնավորապես, տրանսֆերտների տեսքով արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումներն էապես աճել են, իսկ պատերազմի հետևանքով Հայաստան են ժամանել մեծ թվով ռուսաստանցիներ, որոնց մի մասը շարունակում է ապրել Հայաստանում, ավելին, իրենց կապիտալը տեղափոխել են այստեղ։
Իսկ թե որքան կշարունակվի դոլարի արժեզրկումը, տնտեսագետները չեն փորձում կանխատեսումներ անել՝ համարելով դա ապաշնորհ գործ։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ ցանկացած ժամանակահատվածում փոխարժեքը ձևավորվում է առաջարկով և պահանջարկով։ Բացառություն չէ նաև ներկայում ստեղծված իրավիճակը։
Ըստ նրա՝ տարադրամի արժեզրկման վրա ազդող գործոններից մեկը տրանսֆերտների տեսքով ստացվող ֆինանսական հոսքերն են, մյուսը՝ դրա նկատմամբ այստեղ եղած պահանջարկը։ «Եթե ավելի շատ դոլար է գալիս, քան այստեղ եղած պահանջարկն է, հետևաբար, փոխարժեքը նվազում է»,- ասաց տնտեագետը։
Հայկ Բեջանյանը նշեց, որ ակտիվացել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը։ Մասնավորապես, կտրուկ ավելացել է եվրոպական երկրներից ապրանքների ներմուծումը, ինչպես նաև դեպի ԱՊՀ երկրներ՝ ապրանքների արտահանումը։
«Հաշվի առնելով այն, որ ԱՊՀ-ի հետ առևտուրը հիմնականում ռուբլով է, քանի որ գերակշիռ մասը արտահանվում է Ռուսաստան, իսկ արևմտյան երկրների հետ՝ եվրոյով կամ դոլարով, առաջարկի և պահանջարկի ձևավորման վրա նաև այս գործոնն է ազդեցություն ունենում։ Եւ ունենում ենք այն պատկերը, որ դոլարի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը, ինչն էլ հանգեցնում է շուկայի հավասարակշռության խաթարման և փոխարժեքի նվազման»,- ընդգծեց Հայկ Բեջանյանը։
Նրա խոսքով՝ դոլարի արժեզրկումը կարող է դրական ազդեցություն ունենալ գների վրա, քանի որ ապրանքների գերակշիռ մասը ներմուծվում է, իսկ դրանք դոլարի արժեզրկման դեպքում ավելի էժան են լինում։ Դա նաև մեղմող դեր է ունենում գնաճային միջավայրի համար։
Մյուս կողմից, ըստ տնտեսագետի, սա նաև պետական ֆինանսների կառավարման տեսանկյունից է ձեռնտու, քանի որ մեր պետական պարտքի պորտֆելի զգալի մասը արտարժութային է, իսկ փոխարժեքի անկումը նվազեցնում է պետական պարտքի ծավալը։ «20% արժեզրկումը զգալի թեթևացրել է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը»,- ասաց տնտեսագետը։
Հայկ Բեջանյանը կարծում է, որ դոլարի արժեզրկումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ արտարժույթի մեծ հոսք կա։ Նման իրավիճակ, ըստ տնտեագետի, ունեցել ենք 2008-2009 թթ-ին, երբ դրամային հոսքերը հիմքեր էին ստեղծել դրամի արժևորման համար։ Սակայն, ինչպես նշեց մասնագետը, 2008թ-ին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով, երբ կտրուկ դադարեցին այդ հոսքերը, փոխարժեքը կարճ ժամանակահատվածում միանգամից բարձրացավ։
«Պատմության այս դասը մենք պետք է մեր աչքի առաջ ունենանք։ Կենտրոնական բանկն այդ անկայության ժամանակահատվածում այնպիսի քաղաքականություն պետք է իրականացնի, որը զերծ կպահի երկիրը կտրուկ տատանումներից։ Այս առումով ԿԲ-ն պետք է հստակ գնահատի իրավիճակը՝ հասկանալու համար, թե որ ճանապարհով գնալն է ավելի ճիշտ։
Առհասարակ դոլարի արժեզրկումից հետո արտահանողները բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնած, քանի որ դոլարի արժեզրկմամբ նույն չափով մեր ապրանքները դառնում են ավելի քիչ մրցունակ արտաքին շուկաներում։ Իսկ խնդրի լուծումը, ինչպես արդեն նշեցի, ԿԲ-ի կողմից վարվող քաղաքականության դաշտում է։ ԿԲ-ն պետք է որոշում կայացնի, պետք է լինի համարձակ, քանի որ հիմա այն իրավիճակում ենք, որ զգուշավոր և սպասողական վարքագիծը կարող է 2008-2009 թթ-ի ճգնաժամի առաջ կանգնեցել։ Պետք է գնալ համարձակ քայլերի»,- նշեց Հայկ Բեջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դոլարի և ռուբլու անկումը շարունակվում է
- 2022 թ.-ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է՝ կազմելով 4,1 մլրդ դոլար.Արամ Սաֆարյան
- Արտերկրում ՀՀ բանկերի տեղաբաշխած 2.6 մլրդ դոլարի մի մասը կարող էր ներդրվել Հայաստանում. Հայկազ Ֆանյան
- Հայաստանում տնտեսությունն աճել է, սակայն բնակչության կենսամակարդակը չի բարելավվել. տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան