Արաբագետ. Ինչի՞ ենք ականատես լինելու «3+3»-ի ձախողման դեպքում
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Տարածաշրջանն ակտիվ դիրքային վերաբանաձևումների նախաշեմին Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շարունակական կերպով խորացող լարվածության ֆոնին տարածաշրջանում ընթանում են ակտիվ դիվանագիտական բանակցություններ։ Տպավորություն է՝ ինչ-որ նոր նախաձեռնության կամ դիրքավորման ընդառաջ՝ «սլաքները ճշգրտելուն» միտված քայլեր են իրականցվում։
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեղի են ունենում Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան, նախատեսվում են Իրան-Ռուսաստան, Հայաստան-Իրան, Հայաստան-Գերմանիա-ԵՄ բարձր մակարդակի այցելություններ-բանակցություններ։
Միանշանակ է, որ ընթացող բանակցություն-քննարկումներում առանցքային տեղ ունի տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, որը որոշակիորեն խախտվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկմամբ։ Այս համատեքստում արտատարածաշրջանային դերակատարների քաղաքական ակտիվությանը դեմ տարածաշրջանային առանցքային խաղացողների համար օրակարգային խնդիր է երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերի նախաձեռմամբ կանխել Արևմուտքի հետագա ակտիվացման փորձերը։
Մինչդեռ առավել միասնական քաղաքական դիրքավորմանը խոչընդոտում է տարածաշրջանում առկա ոչ միանշանակ հարաբերությունների իրողությունը՝ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա, Վրաստան-Ռուսաստան։ Ուստի նաև տարածաշրջանում առկա նման մթնոլորտն է նպաստում հավաքական Արևմուտքի հաջող վերադիրքավորմանը։ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հիմնական բանաձևումները պահպանելու ամենահավանական նախաձեռնությունն այդպես էլ լիարժեք «միս ու արյուն» չստացած «3+3» ձևաչափն է։
Կկարողանա՞ն տարածաշրջանային հիմնական դերակատարները, առժամանակ մի կողմ դնելով սեփական տարաձայնությունները, միավորվել արտատարածաշրջանային մրցակիցների դեմ, ժամանակը ցույց կտա։ Այս հարցում զգալի դերակատարում է վերապահված Վրաստանից, բայց հատկապես Հայաստանից։ Քանի որ հենց Երևանի դրական դիրքորոշման արդյունքում դեռևս 2021թ. դեկտեմբերին տրվեց ձևաչափի մեկնարկը։ Մինչդեռ անցած 1 տարվա ընթացքում խորքային փոփոխություններ են արձանագրվել նաև մեր տարածաշրջանում, որն սկզբունորեն ազդել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։
Իսկ «3+3»-ի ձախողման դեպքում ականատես ենք լինելու մի քանի փոքր բանաձևումների միջոցով առանձին տարածաշրջանային շահերի առաջմղման իրողության՝ հետևյալ հիմնական ձևաչափերով՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան-Իրան, Թուրքիա-Ադրբեջան, Իրան-Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Սումգայիթյան ջարդերի տարելիցի օրը Լավրովը Բաքու է մեկնել
- Լավրովը նշել է 3+3 ֆորմատով հնարավոր հանդիպման մասին
- ՌԴ ԱԳՆ. «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին