ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգաիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգելով Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը՝ խորհրդարանը սկսեց ԱԺ հերթական նստաշրջանը:
ՔՊ-ական 58 պատգամավորների կողմ ձայներով հաստատելով օրակարգը՝ պատգամավորներն անցան առաջին հարցի քննարկմանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ 2023 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որի շրջանակներում արմատապես վերանայվում են հաշմանդամության սահմանման կառուցակարգերը, այդ թվում`հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալական ծառայությունների բովանդակությունը:
Գործող կարգավորութմով երկրորդ խմբի հաշմանդամը Հիմնադրամից ստանում է 200 000 դրամ (սպայական կազմ), 150 000 դրամ (Պայմանագրային կազմ, զորահավաքային կազմ և կամավորներ) և 100 000 դրամ (պարտադիր ժամկետային կազմ)։
Վերափորձաքննության արդյունքում երրորդ խմբի հաշմանդամ ճանաչվելու
դեպքում հաշմանդամություն ունեցող անձը կսկսի ստանալ՝ սպայի դեպքում՝ շուրջ 74 000 դրամ (նվազում է շուրջ 2.7 անգամ),պայմանագրային և զորահավաքային զինծառայողի, կամավորի դեպքում՝ 66000 դրամ (նվազում է շուրջ 2.3 անգամ), պարտադիր ժամկետայինի դեպքում՝ 66 000 դրամ (նվազում է շուրջ 1.5 անգամ)։
Նա հայտնեց, որ այդ գումարը կտրամադրվի երեք տարի անցումնային ժամկետով, իսկ դրանից հետո այդ զինծառայողները կշարունակեն ստանալ կենսաթոշակները, բայց կդադարեցվի հիմնադրամից դրամական աջակցությունը:
Նախագծով սահմանվում է, որ անցումային շրջանի համար դրամական աջակցություն կվճարվի այն զինծառայողների համար, ովքեր ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն (ճանաչվել են հիմնադրամի շահառու) և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ:
Դրամական աջակցության չափն առաջարկվում է` սպայական կազմի զինծառայողներին` 75 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 000 դրամ:
Փոխնախարարը հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, որոնք նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ (հիմնադրամի շահառուներ) և կանխատեսվում է, որ նրանց թիվը կհասնի 160-ի, որից սպաներ` 20, պայմանագրային, զորահավաքային ևկամավորական` 60, պարտադիր ժամկետային` 80: