Բնապահպանական անկառավարելի ռիսկերն անտեսելով` բացում եք հանքը. Թադևոս Ավետիսյան
«Կառավարության պատասխանատուն հայտարարում է, որ հանքի շահագործումը Հայաստանի ՀՆԱ-ն կավելացնի տարեկան շուրջ 1 %-ով, իսկ պետական բյուջեի մուտքերը կավելանան տարեկան շուրջ 40 միլիարդ դրամով»,-ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության, Հայաստանի կառավարության և Եվրասիական զարգացման բանկի ստորագրած հուշագրին:
Նա արձանագրեց, որ գործադիրի հիմնավորմամբ կառավարությունը անվճար «նվեր» է ստանալու ընկերության 12,5 % մասնաբաժինը:
«Ասում են, որ իրավունք չունեն հրաժարվել նման հնարավորություններից: Եթե իրավունք չունեիք, ապա ինչու՞ եք շուրջ 5 տարի հրաժարվել այդ հնարավորությունից, որի հետևանքով, փաստորեն, ընդհանուր առմամբ կորցրել ենք պետական բյուջեի շուրջ 200 միլիարդ դրամի չափով եկամուտներ, ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոս աճի հնարավորություն, չեն բացվել հարյուրավոր աշխատատեղեր և այլն»,-հայտարարեց Ավետիսյանը։
Նա հարցադրում հնչեցրեց, թե ինչպես լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը՝ հիշեցնելով որ նախկինում խոստանում էին, որ հանքը կբացվի միայն բնապահպանական միջազգային ամենախիստ չափանիշներին համապատասխանելու պարագայում։
«2019 թվականին պետական բյուջեից անիմաստ վճարեցիք 400 հազար ԱՄՆ դոլար՝ հանքի բնապահպանական միջազգային փորձաքննության համար։ Եղավ զրոյական արդյունք՝ առկա հարցերին չտրվեցին ակնկալվող պատասխաններ։ Հիմա էլ առկա բնապահպանական խնդիրներին ավելացել են տարածաշրջանում ոչ պակաս կարևոր՝ անվտանգային խնդիրները․ թուրքը Ջերմուկի սարերի վրա է և ամրանում է մեր երկրի ինքնիշխան տարածքում։ Սրա հետևանքով՝ քանի՞ աշխատատեղեր են փակվել, որքա՞ն եկամուտներ է կորցրել պետական բյուջեն, որքա՞ն է նվազել տնտեսական ակտիվությունը»,-նշեց պատգամավորը։
Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ անհրաժեշտ է հանքարդյունաբերության ոլորտում պետության արդյունավետ մասնակցությունը, բայց ոչ ստվերային գործարքներով և բնապահպանական անթույլատրելի զիջումների հաշվի:
«Փաստորեն ստացվում է,որ բնապահպանական անկառավարելի ռիսկերն անտեսելով` բացում եք հանքը, որ խուսափեք տարածաշրջանում ձեր մեղքով առաջացած անվտանգային նոր սպառնալիքների հետևանք հանդիսացող սոցիալ-ժողովրդագրական և տնտեսական խորացող խնդիրներից և ստվերային գործարքով փայ մտնեք հանքը շահագործող ընկերությունում»,-ելույթն ամփոփեց Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան