2022 թվականին 14 կին է մահացել ընտանեկան բռնություններից. Զարուհի Բաթոյան
«Խնդիրը լուծելու համար պետք է վեր հանել պատճառները, որոնք ծնել են ընտանեկան բռնություն»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ ելույթ ունենալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Նախագծով առաջարկվում է տուժողի պաշտպանությունն իրականացնել էլեկտրոնային հսկողության ցանցի միջոցով և դրա համար 560 մլն դրամով ձեռք բերել 200 էլեկտրոնային ձեռնաշղթա:
Կյուրեղյանի խոսքով՝ ոչ միայն ընտանեկան բռնության մասին պետք է խոսել, այլ ֆինանսական, հոգեբանական բռնությունների մասին:
«Խնդիրը պետք է լուծել համապարփակ՝ առաջին հերթին մտածելով պատճառների վերացման մասին, ոչ թե հետո մտածել հետևանքների չեզոքացման մասին, որի համար մեծ գումարներ են ծախսվելու»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ընդունելով, որ պետք է հետևանքները վերացնել՝ Կյուրեղյանը հարց հնչեցրեց, թե ինչ ուսումնասիրություններ և ռազմավարությունն կա ընտանեկան բռնությունների պատճառները վերացնելու համար:
Անդրադառնալով որոշումներ կայացնողնողներին՝ ոստիկանության, դատախազության պաշտոնյաներին, «Հայաստան» խմբակցության պատգամավորը կարևորեց վերջիններիս գենդերային զգայնության բարձրացումը:
«Կոչ եմ անում հետևանքների հաղթահարման մասին մտածելուց առաջ, ավելի մեծ ուշադրություն ու ֆինանսական միջոցներ կիրառել պատճառները վեր հանելու և չեզոքացնելու համար»,-ասաց պատգամավորը:
ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանն էլ հայտարարեց, որ 2022 թվականին 14 կին է մահացել ընտանեկան բռնությունների հետևանքով, իսկ պաշտպանության մեխանիզմի կատարելագործման շնորհիվ բռնության ենթարկվածներն այլևս չեն թաքցնի նման դեպքերը՝ վախենալով հաշվեհարդարից: