«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն իրեն արտոնյալի կարգավիճակ է վերապահել, հատուկ պետհամարանիշով մեքենայով է շրջում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթևեկում է օպերատիվ համարանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է Քոչարյանին խորհրդարան աշխատանքի գալիս ինչ-որ կասկածելի խառը համարանիշի համարանիշներով ԱԺ ծառայողական ավտոմեքնայով: Դրանք ամենևին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն. պարզվեց՝ այլ ուժայիններին են պատկանում:
Պարզվում է՝ այն օպերատիվ պետհամարանիշ է, որը ենթադրում է անխափան երթևեկություն, այսինքն՝ վարորդը կարող է ավտոմեքենան արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքով կանգնել և այլն, բայց չտուգանվել, քանի որ տեսախցիկներն օպերատիվ պետհամարանիշների խախտումները չեն գրանցում, այլ դրանք հիմնավորում են իբրև ծառայողական անհրաժեշտություն:
Ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանն իրեն արտոնյալի կարգավիճակ է վերապահել, հատուկ պետհամարանիշով մեքենայով է շրջում, որպեսզի պատասխանատվության չենթարկվի: Ի դեպ, պատգամավորին օպերատիվ համարանիշ ունենալու իրավունք տրված չէ. այն ունենալու իրավունք ունեն միայն օպերատիվ աշխատողները՝ ոստիկաններ, քննիչներ, ԱԱԾ աշխատակիցներ և այլն:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ով է տրամադրել օպերատիվ պետհամարանիշները իրեն, սակայն պատգամավորը հերքեց «անհերքելին»՝ ասելով, թե չունի օպերատիվ համարանիշ:
Հիշեցնենք, որ նախկինում, երբ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, կամ այլ օդիոզ դեմքեր ՊՆ համարանիշներով էին շրջում, Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխական թիմը կոկորդ էին պատռում, թե արտոնյալներ չպիտի լինեն: Հիմա հարց՝ ո՞վ, ինչո՞ւ և ո՞ւմ միջնորդությամբ է Անդրանիկ Քոչարյանին «չնկարվող» համարներ տրամադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը սա պարզելու համար գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, որտեղից դեռ չեն պատասխանել մեր հարցմանը: Ոստիկանության պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք, միայն հավելենք, որ որևէ օրենքով նախատեսված չէ, որ պատգամավորը կարող է օպերատիվ համարանիշներ ունենալ. դա օրինախախտում է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներից էլի կան մի քանիսը, որոնք երթևեկում են օպերատիվ համարանիշներով. նրանց կանդրադառնանք առաջիկայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են