Որքանով է պահքը դրական ազդեցություն ունենում առողջության վրա և հակառակը. Էնդոկրինոլոգ Լուսինե Առաքելյան
Այս տարի Մեծ պահքը սկսվել է փետրվարի 20-ին և կտևի 48 օր (Բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատիկի) տոնի նախօրեին):
Պահքի շրջանում հրաժարվում են կենդանական ծագման սննդից և օգտագործում բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք։ Սակայն պետք է ձգտել հրաժարվել նաև մոլի սովորություններից` շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Որքանով է պահքը դրական ազդեցություն ունենում առողջության վրա և հակառակը, մանրամասնել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Լուսինե Առաքելյանը:
Նրա խոսքով, իհարկե, պահքի օգտակարությունը բժշկական տեսանկյունից նկատելի է, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, բայց սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար։
«Օգտակարությունը
Առողջ սննդակարգի հիմքը բալանսավորված սնունդն է: Այն պետք է լինի բազմազան և պարունակի 15 % սպիտակուց, 30 % ճարպ, 55 % ածխաջուր, ինչպես նաև վիտամիններ, հանքային նյութեր:
Սննդի ընդունումը պետք է լինի օրական 4-5 անգամ։
Կենդանական սպիտակուց ստանում ենք մսամթերքի հետևյալ տեսակներից` թռչնամսից, տավարի, գառան, խոզի մսից:
Էնդոկրինոլոգի խոսքով` կենդանական ծագման սնունդը մեր օրգանիզմը համալրում է երկաթով, որը էրիթրոցիտներում պարունակող հեմոգլոբինի անհրաժեշտ մասն է, վերջինս էլ մասնակցում է արյան միջոցով թթվածնի տեղափոխմանը:
Պահքի ընթացքում պետք է գրագետ ձևով կարողանանք կենդանական ծագման սնունդը փոխարինել բուսականով։ Բույսերից երկաթ պարունակում են սպանախը, բրոկոլին, ոսպը, լոբին, ընկույզը և ընդեղենը, ամբողջահատիկ (չթեփավորված) ցորենը, շագանակագույն բրինձը, չորացված մրգերը:
Քանի որ բուսական ծագման մթերքներից երկաթն ավելի քիչ է ներծծվում, այն պետք է զուգորդենք վիտամին C-ով հարուստ մթերքներով (նարինջ, լոլիկ, կիվի, պղպեղ, հատապտուղներ):
Կենդանական ծագման սպիտակուցներից են նաև կաթնամթերքները` կաթ, մածուն, յոգուրտ, պանիր, կարագ, կաթնաշոռ, թթվասեր, պաղպաղակ, որոնք կալցիումի լավագույն աղբյուր են:
Բույսերից կալցիում պարունակում են սպիտակ լոբին, քունջութը, դդումը, նուշը, նարինջը, քաղցր կարտոֆիլը, բրոկոլին, թուզը, կանաչ ոլոռը, արևածաղկի սերմերը, սոյան, կաղամբը, ծաղկակաղամբը, սիսեռը, ամբողջահատիկ ցորենը, ընկույզը, սպանախը, պնդուկները: Կարելի է օգտագործել նաև սոյայի կաթ, սոյայի պանիր։
Բուսական սննդամթերքը պարունակում է նաև բջջանք, սննդային մանրաթել, որոնք ունեն հագեցնող հատկություն, բարելավում են մարսողական համակարգի գործունեությունը, կանխարգելում են փորկապության, թութքի առաջացումը, նաև վիտամինների և հանքային նյութերի հարուստ աղբյուր են»,- բժշկի մեկնաբանություններն ու խորհուրդները ներկայացված են հիվանդանոցի պաշտոնական էջում: