ՔՊ-ական և ընդդիմադիր կին պատգամավորները «աբսուրդ» են որակում միմյանց հայտարարությունները
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ այս օրենքի փոփոխության հիմնավորումներից մեկն այն է, որ տարածված են բռնության դեպքերը։
«Արդարադատության փոխնախարարն իր ելույթում նշեց, թե որպես հիմք վերցրել են այն փաստը, որ 200 դեպքի համար անհրաժեշտ է 500 միլիոն և ավելի ծախս։
Ուզում եմ հասկանալ՝ այդ 200 դեպքը որտեղի՞ց է եկել, ուղղակի հաշվարկ է 200-ի համար և ծախսվում է այսքան գումար, թե իրականում լուրջ հետազոտությունների արդյունքում մենք սկսում ենք առնվազն 200 դեպքերը գոնե լուծել»,- հարցրեց Կյուրեղայանը հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանից։
Վերջինս նշեց, որ ընդդիմադիր պատգաավորը ուշադիր չի եղել, ասվել է՝ ուսումնասիրվել է այդ հարցերը, տարբեր երկրների՝ Կանադա, Ֆրանսիա, Իսպանիա, փորձն է հետազոտվել։
«Մենք գիտենք, որ մեզ մոտ էլ վիճակն այդքան նորմալ չէ։ Խոսքս բռնության հետ կապված խնդիրների մասին է։ Միշտ չէ, որ բարձաձայնում են։ Այդ 200 դեպքը, եթե արդեն կա, նշանակում է՝ մենք ունենք խնդիր։ Թեկուզ մեկ մարդու նկատմամբ եթե բռնություն է իրականացվում, մենք պարտավոր ենք այնպիսի միջավայր ստեղծենք, որ բռնությունը կանխարգելվի»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Ա. Կյուրեղյանը կրկին հետաքրքրվեց՝ որտեղի՞ց այդ 200 թիվը. «Ֆրանսիայի, Կանադայի փորձի ուսումնասիրությունից դուրս բերել 200 թիվ, աբսուրդ է։ Ուզում եմ հասկանալ՝ 200 թիվ եք նշում, որտեղի՞ց է ծնվել 200-ը»։
Մ.Ղազարյանն արձագանքեց. «Կներեք էլի, դուք այնպիսի հարց եք տալիս, որ դա հասնում է աբսուրդի։ Պարզ է, որ ես չեմ իրականացրել այդ փորձագիտական ուսումնասիրությունը։ Այդ թիվը ես չեմ տվել։ Ինչպես և դուք, այնպես էլ ես, կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են, ուսումնասիրել են մարդիկ, և վեր են հանել այդ թիվը։ Ես չեմ հանել, հասկանում եք»։
Այս քննարկումից հետո ամբիոնին մոտենալով ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը՝ նախ ասաց, որ հայրենակիցներից անկեղծորեն ներողություն է խնդրում այս քննարկման որակի համար։
«Ես ինքս նստած տեղից ինչ-որ հարցեր եմ լսում, հետո այդ հարցերին պատասխաններ։
Տիկին Կյուրեղյան, ասում եք 200 բռնության հիման վրա այսպիսի գումարներ եք որոշել տրամադրել, հետո տիկին Ղազարյանը, երևի չի կարողանում հիշի՝ որտեղից այդ թիվը, ասում է Ֆրանսիա, բան և այլն, ինչ որ մեջբերումներ է անում։ Հետո դուք էլի ասում եք՝ այդ 200 թիվը որտեղի՞ց եղավ։
Հիմա ես եմ ձեզ հարցնում՝ որտեղից այդ 200 թիվը։
Տիկին փոխնախարարը ներկայացնում է տվյալներ՝ 2022 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության1547 դիմում, որից 619-ը՝ անհետաձգելի են եղել և 6-ի դեպքում պաշտպանության միջոցներ են կիրառվել: Հիմա հարց՝ այդ 200 թիվը որտեղի՞ց, տիկին Կյուրեղյան, տիկին Ղազարյանն էլ երևի մտածում է բաց է թողել այդ 200 թիվը։ Ես էլ չեմ հասկանում՝ որտեղից այդ 200 թիվը։
Կոչ եմ անում, ընդհանրապես, եթե տվյալների, թվերի մասին եք խոսում, ճշտեք այդ թիվը ու նոր խոսեք։ Խոսքը 1547 դիմումի մասին է, տիկին Կյուրեղյան»,- ասաց Աղաջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2022 թվականին 14 կին է մահացել ընտանեկան բռնություններից. Զարուհի Բաթոյան
- Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելուց հետո ԱԺ-ն անցավ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի օրենքի քննարկմանը