UCOM-ի գլխավոր տնօրենը Ռալֆ Յիրիկյանն է
Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին:
Ընկերությունը տեղեկացնում է, որ «Յուքոմ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը և գործող գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը փոխադարձ համաձայնության են եկել վերջինիս ղեկավար գործառույթների փոխանցման վերաբերյալ՝ շարունակելով աջակցել ընկերությանը։
«Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը։
«Տնօրենների խորհրդի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Արա Խաչատրյանին՝ «Յուքոմ»-ի համար օրինակելի առաջնորդ լինելու համար: Պաշտոնավարման ընթացքում նա կարողացավ «Յուքոմ»-ը դարձնել ավելի լավը՝ բարելավելով հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը և բարձրացնելով ընկերության գործառնական արդյունավետությունը»,- ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնն ստանձնել է 2020 թվականի ապրիլից: Նրա պաշտոնավարման ընթացքում «Յուքոմ» ընկերությունը գրանցել է ֆիքսված լայնաշերտ կապի՝ բոլոր ժամանակների ամենաբարձր շահույթը՝ միաժամանակ ապահովելով շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը մրցակիցների շրջանում:
«Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր ծառայել մարդկանց, բաժանորդներին և Ucom-ի թիմին որպես գլխավոր տնօրեն։ Մենք միասին մուտք գործեցինք աննախադեպ աճի դարաշրջան՝ միաժամանակ հավատարիմ մնալով մեր հիմնական, մարդակենտրոն արժեքներին ու առաքելությանը: Հպարտ եմ, որ աշխատել եմ «Յուքոմ»-ի մարդկանց հետ, որոնք ցուցաբերել են մեծ նվիրվածություն՝ օգնելով առաջ տանել ընկերությունը վերափոխման ընթացքում»,- ասել է Արա Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա