Հարութ Սասունյան. Արցախի նախագահը մեծ սխալ գործեց՝ պաշտոնանկ անելով Վարդանյանին Ալիևի հրամանով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անցած հինգշաբթի մեծ սխալ գործեց, երբ ենթարկվելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ճնշմանը, պաշտոնանկ արեց պետնախարար, միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանին, որն իր հարստությունն ստեղծել էր Մոսկվայում։ Անցած սեպտեմբերին Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից և հաստատվեց Արցախում՝ հայտարարելով, որ ցանկանում է իր ժողովրդի կողքին լինել նրա ամենադժվարին պահին։ Իր տեղափոխությունից կարճ ժամանակ անց նախագահ Հարությունյանը նրան նշանակեց Արցախի պետնախարար։
Արցախի նախագահը չպետք է հեռացներ Վարդանյանին կամ պետք է գոնե մի փոքր սպասեր, որպեսզի չթվար, թե նա այդքան արագ կատարում է Ալիևի հրամանները։ Ցավոք, Վարդանյանը պաշտոնանկ արվեց անմիջապես այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը մեծացրեց ճնշումը Ադրբեջանի վրա՝ նրա դեմ կայացրած որոշմամբ։
Ամոթալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, այս տարվա փետրվարին խորհրդարանում արեց հետևյալ դավաճանական հայտարարությունը. «պետք չէ երեք միլիոն հայերին վտանգի ենթարկել հանուն Արցախի»։ Երբեք լավ գաղափար չէ, երբ դու և քո թշնամին միևնույն կողմում եք...
Վերջերս մի քանի ադրբեջանցի լրագրող և նույնիսկ նախագահ Ալիևը զրպարտեցին Վարդանյանին՝ նրան անվանելով «ռուսաստանցի օլիգարխ, հանցագործ և փողեր լվացող»։
2022 թվականի հոկտեմբերին Ալիևը Վարդանյանի մասին անձամբ է բողոքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պուտինն ասել է Ալիևին, որ ինքը ոչինչ չգիտի Արցախում Վարդանյանի ներկայության և գործունեության մասին։
2022 թվականի նոյեմբերի 17-ին Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասաց, որ հրաժարվում է բանակցել Վարդանյանի հետ, որին նա անվանել է «Մոսկվայի էմիսարը» Ղարաբաղում։ Ալիևը շարունակել է. «Մենք պատրաստ ենք խոսել... Ղարաբաղում ապրող հայերի հետ, այլ ոչ թե նրանց հետ, որոնք ուղարկվել են Մոսկվայից՝ իրենց գրպաններում թաքցնելով ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարների փողերը, ինչպես Վարդանյան անունով անձնավորությունը, որը Մոսկվայից տեղափոխվել է այնտեղ շատ հստակ օրակարգով»։
2023 թվականի փետրվարի 18-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում վարչապետ Փաշինյանի հետ պանելային քննարկման ժամանակ Ալիևն ասաց, որ պատրաստ է գործնական շփում սկսել Ղարաբաղի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. «Բայց մենք կարող ենք դա անել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքացի, քրեական օլիգարխ, Եվրոպայում փողերի լվացմամբ զբաղվող Վարդանյանը հեռանա մեր տարածքից»։ Ալիևը հավելել է. Վարդանյանը «արտահանվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում առաջատար դիրք զբաղեցնելու համար։ Միգուցե արտահանումը ճիշտ բառ չէ։ Ես կնախընտրեի մաքսանենգ ճանապարհով բառը»։
Ալիևի գործը չէ, թե ով պետք է ներկայացնի Արցախը բանակցություններում։ Դա Արցախի կառավարության որոշումն է։ Ավելի խելամիտ կլիներ, որ Արցախի նախագահն ընդհանրապես չհեռացներ Վարդանյանին, միայն այն բանի համար, որ Ալիևին ցույց տար, թե ով է Արցախում որոշում կայացնում։
Առաջարկում եմ Վարդանյանին զրպարտության համար հայցեր ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան բոլոր նրանց դեմ, որոնք ստեր են տարածել իր մասին՝ ստիպելով սկանդալային ադրբեջանցի լրագրողներին և նախագահ Ալիևին խոշոր տուգանք վճարել և հրապարակայնորեն ներողություն խնդրել Վարդանյանից։
Վերջապես, լավ գաղափար չէ տրվել ձեր թշնամիների ճնշումներին, որոնցից նրանք միայն խրախուսվում են՝ ձեզանից հետագա զիջումներ պահանջելու համար: Նրանց պահանջների ցանկն անվերջանալի է։
Ահա Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ներկայիս և հնարավոր պահանջներից մի քանիսը.
- Ադրբեջանն իր անցակետերը կտեղակայի Լաչինի միջանցքում.
- Ապագա «Զանգեզուրի միջանցքը», որը Ադրբեջանը կապելու է Նախիջևանին, կստանա Լաչինի միջանցքի նման կարգավիճակ.
- Ադրբեջանը, հետագա զիջումներ փնտրելով, նույնիսկ Լաչինի միջանցքի բացումից հետո, հավանաբար, կրկին արգելափակելու է այն.
- Այն բանից հետո, երբ կեղծ ադրբեջանցի բնապահպանները պահանջեցին ստուգել Արցախում գտնվող հանքերը, նրա ղեկավարներն անխոհեմաբար փակեցին հանքերը՝ այդպիսով խրախուսելով ադրբեջանցիներին ավելի շատ զիջումներ պահանջել, փոխարեն ասելու՝ «դա ձեր գործը չէ», ինչը հանգեցրեց ադրբեջանցիների հաջորդ պահանջին, որ հայերը դադարեցնեն մետաղների արդյունահանումը Արցախի հանքերից.
- Հետագա հայկական զիջումներ որոնելով՝ ադրբեջանական ուժերը, հավանաբար, կգրավեն Հայաստանի Հանրապետության ավելի շատ տարածքներ.
Նմանապես, Թուրքիան զիջումների է ձգտելու Հայաստանից՝ պահանջելով
- Ջնջել Անկախության հռչակագրից Հայոց ցեղասպանության հիշատակումը «Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում»։ Եթե ոչ, ապա Թուրքիան կսպառնա փակել Հայաստանի հետ սահմանը այն բացելուց հետո.
- Դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քարոզարշավը.
- Ընդունել Թուրքիայի հետ գոյություն ունեցող սահմանները՝ հրաժարվելով Արևմտյան Հայաստանի տարածքների նկատմամբ ապագա պահանջներից.
-Արգելել Թուրքիայի դրոշի այրումը Ապրիլի 24-ին.
- Հրաժարվել Թուրքիայից ցեղասպանության կորուստների փոխհատուցման ցանկացած պահանջից։
Հայաստանի և Արցախի ղեկավարները պետք է հասկանան, որ ահաբեկչին գոհացնելը բերում է ոչ թե խաղաղության, այլ ավելի շատ ահաբեկման։
Ցավոք սրտի, չնայած Ալիևի պահանջով Վարդանյանին զոհաբերմանը՝ ակնկալում էին, որ Ադրբեջանը դրա դիմաց կապաշրջափակի Լաչինի միջանցքը, միջանցքը դեռևս արգելափակված է փետրվարի 27-ի դրությամբ: Նույնիսկ փետրվարի 25-ին, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների փակ հանդիպումից հետո, միջանցքը մնում է փակ։
Վարդանյանը հայտարարեց, որ չնայած աշխատանքից ազատվելուն՝ շարունակելու է ապրել Արցախում։ Հայտնի չէ, թե նա ինչ դեր է կարողանում կամ ցանկանում խաղալ առանց պաշտոնական դիրքի։
Մնում է միայն մեկ առեղծված։ Ի՞նչ էին անում նախագահ Հարությունյանը և պետնախարար Վարդանյանը փետրվարի սկզբին, երբ երկուսն էլ առանձին մեկնել էին Մոսկվա և մի քանի օրվա ընթացքում վերադարձել Արցախ։ Ինչո՞ւ էին գնացել Մոսկվա, ո՞ւմ հետ են հանդիպել այնտեղ, ինչի՞ մասին են խոսել։ Ոչ մեկը ոչ մի խոսք չասաց այդ այցի մասին։ Այս հարցերի պատասխանները կարող էին լրացուցիչ լույս սփռել Վարդանյանի պաշտոնանկության վրա։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. Երկրաշարժի վնասը և կոռուպցիան միահյուսված են Էրդողանի Թուրքիայում
- Հարութ Սասունյան. Իսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ
- Հարութ Սասունյան. Ադրբեջանցիները կրակում են իրենց ոտքերին՝ շրջափակելով Լաչինի միջանցքը
- Հարութ Սասունյան. Ինչպես նախագահ Ալիևը դարձավ Ադրբեջանի կոռումպացված բռնապետ
- Հարութ Սասունյան. Երբ Ադրբեջանը լայն բացում է իր քսակը, փողասերները շտապում են վերցնել իրենց բաժինը
- Հարութ Սասունյան. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջազգայնացնում է արցախյան հիմնախնդիրը
- Հարութ Սասունյան. Թուրք քաղաքացի է բանտարկվել՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալները Թուրքիա ուղարկելու համար
- Հարութ Սասունյան. BBC-ն քողարկում է Ադրբեջանի հանցագործությունները՝ հեռարձակելով «Բրիթիշ փեթրոլիումի» և Ալիևների աջակցությամբ ֆիլմը
- Հարութ Սասունյան. Հայերը պետք է սառնասրտորեն գնահատեն Ֆրանսիայի Սենատի դրական բանաձևը