Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնության են եկել Հյուսիսային Իռլանդիայի առևտրային կարգավիճակի շուրջ
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ը համաձայնության են եկել Հյուսիսային Իռլանդիայում առևտրի նոր կանոնների հարցում։ Այն թույլ կտա ապրանքների ազատ ներհոսքը Հյուսիսային Իռլանդիա Մեծ Բրիտանիայից:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համաձայնագիրն անվանել է «պատմական իրադարձություն»։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ կա «վճռական բեկում»:
Ըստ Սունակի՝ նոր կանոնները «վերացնում են Իռլանդական ծովում սահմանի ցանկացած դրսևորում», որը բաժանում է Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի այլ մասերից: Նա պարզաբանել է, որ ստուգվելու են միայն այն ապրանքները, որոնք տարանցիկ են դեպի Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիայի տարածքով, որն ունի ցամաքային սահման։
Բացի այդ, Հյուսիսային Իռլանդիան կկարողանա արգելափակել ԵՄ առևտրային օրենսդրության ցանկացած փոփոխություն՝ օգտագործելով Stormont Brake կոչվող արտակարգ մեխանիզմը:
Հյուսիսային Իռլանդիայում առևտրի խնդիրը ծագեց այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից 2020 թվականին։ Այդ ժամանակ ԵՄ անդամ Իռլանդիան և Միացյալ Թագավորությունը, որը ներառում է Հյուսիսային Իռլանդիան, պայմանավորվեցին զերծ պահել Իռլանդիայի սահմանը մաքսային և այլ ստուգումներից, քանի որ բաց սահմանը Հյուսիսային Իռլանդիայում խաղաղ գործընթացի հիմնական տարրն է:
Միաժամանակ, սկսեցին ստուգվել Մեծ Բրիտանիայի այլ շրջաններից Հյուսիսային Իռլանդիա մուտք գործող ապրանքները։ Սա զայրացրել է հյուսիսիռլանդական յունիոնիստներին, որոնք կողմ են Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում պահպանելուն: Ի նշան բողոքի՝ 2022 թվականի փետրվարին նրանք ցրեցին Հյուսիսային Իռլանդիայի կառավարությունը և հրաժարվեցին վերադառնալ, քանի դեռ հարցը չի կարգավորվել հօգուտ ազատ առևտրի։
Միութենական կուսակցությունը խոստովանել է «զգալի առաջընթաց» համաձայնության հասնելու հարցում, սակայն նշել է, որ «անհանգստացնող առանցքային հարցերը» դեռ մնացել են։ Կուսակցությունը մտադիր է ծանոթանալ մանրամասներին նախքան պաշտոնական պատասխան կազմելը։
Համաձայնագրի մանրամասները շուտով կներկայացվեն Համայնքների պալատում: Համաձայնագիրը պետք է հաստատվի բրիտանական խորհրդարանի կողմից։ Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ դրա քվեարկությունը տեղի կունենա «իր ժամանակին», բայց ոչ այժմ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան