Ջրառատում աները սպանել է փեսային
Փետրվարի 28-ն ժամը 17.10-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել , որ Ջրառատ գյուղում տղամարդու են սպանել։
Ոստիկանության փոխանցմամբ, օպերատիվ խմբերը շտապել են Ջրառատ՝ ճանապարհին ճշտելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Ճշգրիտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ նրանք մինչև տեղ հասնելը պարզել էին, որ կասկածվողը դեպքից հետո թաքնվել էր գյուղի ճահճուտում։ Տեղեկություններ կային, որ հանցագործության գործիք հրացանը դեռ մոտն է։ Օպերատիվ խմբերը «սանրեցին» տարածքը։
Զովունու 45-ամյա բնակիչը, տեսնելով ոստիկանության ծառայողներին, գցեց հրացանն ու փախուստի փորձ արեց, սակայն բաժնի պարեկապահակետային ծառայողներն ու համայնքային ոստիկաններն արագ բռնեցին նրան։
Րոպեներ անց Ջրառատ գյուղում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և քննչական վարչության ծառայողները, օպերատիվ և փորձագիտական խմբեր և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, դատաբժիշկ։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց հետևյալը. ժամը 17-ի սահմաններում ճահճուտում հայտնաբերված ու ձերբակալված տղամարդը տաքսիով գնացել էր Ջրառատի Թումանյան փողոց՝ խնամու տուն պարզաբանումների։
Ընտանեկան հարցերի շուրջ փեսայի հետ վիճել էր, ինչից հետո հետը բերած որսորդական հրացանից կրակել էր նրան։ 30-ամյա տղամարդը տեղում մահացել էր։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: