Փաշինյան. «Մարտի 1»-ը բացահայտված է, բուն կատարողները հայտնի չեն
«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն»,- այսօր 2008-ի «մարտի 1»-ի զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ ինչո՞ւ պատժված չեն, նա պատասխանեց. «Ամենատարբեր պատճառներով, այդ թվում ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով: Այն, որ մինչև հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինելու:
Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո նախաքննությունը ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որ բացահայտումը կամ դժվար լինի կամ անհնար դառնա:
Ես մի դրվագ հիշեցնեմ, օրինակ, այստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել են: Եղած իրական պարկուճները փոխարինվել են այլ պարկուճներով և այսպիսի բազմաթիվ դեպքեր:
Պատկերացնել կարելի է, թե այս ամենը ինչ հետևանքների է բերում: Բայց դա կապ չունի, այնքանով, որքանով ես կարող եմ դիրքորոշում արտահայտել իրավապահ մարմինների վերաբերյալ, իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է հասնենք լիարժեք և ամբողջական բացահայտմանը և դա մեր օրակարգից դուրս չի եկել ու դուրս չի գալու»,-ասաց Ն. Փաշինյանը:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ համոզմամբ էր հայտարարում, որ գործը բացահայտված է, նա պատասխանեց. «Ես հիմա էլ համոզմամբ հայտարարում եմ, որ բացահայտված է: Դուք գիտեք, որ քրեական գործ է եղել, դատավարություն է եղել, դատաքննություն է եղել: Այն կարճվեց իրավական մեկնաբանությունների բերումով, որն այլ հարթության խնդիր է: Երբ ասում եմ՝ բացահայտված է, նկատի ունեմ իրականությունը, ինչ քայլերի հերթականություն է տեղի ունեցել: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ այդ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, պարզվել է, որ ապօրինի վճարումներ են արվել, որ դա արվել է բանակի հովանու ներքո:
Հիմնական պատասխանատուները դատարանում էին, բայց հայտնի հանգամանքների պայմաններում փորձ է արվում այնպես անել, որ նրանք… Ես չեմ ուզում մեկնաբանել իրավական անբողոքարկելի որոշումներ, որոշում է կայացված, բոլորս պետք է ընդունենք ի գիտություն: Այդ թվում ՍԴ որոշումը, և այն որոշումները, որոնք բողոքարկելի չեն:
«Մարտի 1»-ն առնվազն մինչև կատարողների մակարդակ բացահայտված է, այսինքն բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է»:
Հուշարձանի բացման արարողությանը Փաշինյանն ունեցած ելույթում ասաց. «Ես ուզում եմ ընդգծել, որ «մարտի 1»-ն ամենևին էլ սգի օր չէ։ Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում «մարտի 1»-ը շատ ավելի լայն համատեքստ ունի։ «Մարտի 1»-ին զոհված մեր եղբայրների կյանքի, պայքարի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին էր։
«Մարտի 1»-ն իրականում ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր, ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, կոտրելու, նրան արտահայտվելու ու որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու մասին է։
Առնվազն այդ մասով «մարտի 1»-ի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր Հայաստանում ընտրություններ կեղծելն արդեն իսկ շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինելու։
«Մարտի 1»-ին ու 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պետք է մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն, տնտեսություն կառուցելու համար։
Այսօրը այսօր է, որպես երեկվա հետևանք, վաղը՝ այսօր է լինելու, էլի որպես երեկվա հետևանք և, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին