Արտակ Ապիտոնյան. Այսօրով զբաղվողներ շատ կան, «Ապագա հայկականը» փորձում է ավելի հեռանկարային տեսլական որդեգրել
«Ապագա հայկականը» նախաձեռնությունը պատրաստվում է մարտի 10-12-ն անցկացվելիք համաժողովին։
2021 թվականին ստեղծված նախաձեռնությունն իր առջև 15 նպատակ է դրել, դրանցից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ», համաժողովի քննարկումների թեմաներն են։ 108 երկրներից 110 հազար աջակիցներ միացել են նախաձեռնության հռչակած նպատակներն իրականացնելուն։
«Ապագա հայկականը» նախաձեռնության ստեղծման անհրաժեշտության, նպատակների, դրանց իրականացմանն ուղղված քայլերի, առաջիկա համաժողովի, դրան հաջորդելիք քայլերի ու այլ հարցերի մասին Panorama.am-ը զրուցել է համանուն հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի հետ։
«Իրականում նախաձեռնության անհրաժեշտությունը ծագել էր մինչև 2020 թվականի պատերազմը՝ ձևավորել միասնական տեսլական հայության ու Հայաստանի զարգացման համար։ Պատերազմն ավելի արագացրեց այդ գործընթացն ու կանխորոշեց նոր ոլորտների ընդգրկումը քննարկումների մեջ»,-ասաց գործադիր տնօրենը։
Նախաձեռնության հիմնադիրների նպատակն է ի մի բերել ողջ հայության ներուժը, ձևավորել միասնական տեսլական և դրա իրականացման շուրջ համախմբել դրանով հետաքրքրված անհատներին ու կազմակերպություններին։
«Մարդիկ ասում են՝ այսօր շատ լուրջ խնդիրներ կան, իսկ դուք խոսում եք վաղվա մասին։ Մեր խնդիրն է փորձել պլանավորել վաղը՝ այսօրի բոլոր հնարավոր զարգացումների տարբերակները հաշվի առնելով։ Այսօրով զբաղվող բազմաթիվ կազմակեպություններ կան, մենք փորձում ենք ավելի հեռանկարային տեսլական որդեգրել»,-նշեց Արտակ Ապիտոնյանը։
Նախաձեռնության հռչակած յուրաքանչյուր նպատակի շուրջ քննարկումներում ներառված են եղել գիտնականներ,ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Նպատակներին հասնելու գործողությունները դիտարկվել են հավանական ու նաև ոչ հավանական զարգացումների դեպքում։
«Օրինակ, մենք անցած տարի Արցախում ունեցանք ֆորում բնակչության աճի թեմայով։ Փորձագետները որոշ ծրագրերի հավանություն տվեցին, բայց Արցախում մարդիկ հստակ ասացին՝ սա չի աշխատելու մեզ մոտ։ Երբ հենվում ես միայն փորձագիտական կարծիքի վրա ու բնակիչներն այդ ծրագրին մասնակից չեն դառնում, ունենում ես շատ վատ արդյունքներ կամ ընդհանրապես արդյունքներ չես ունենում։ Իրականում շատ բարեփոխումներ Հայաստանում հենց այս ոգով են արվում»,-ասաց նա։
Արցախում բնակչության աճին նվիրված ֆորումի ընթացքում մասնակիցները քննարկել են երեք տեսական սցենար. երբ Արցախն ունենում է կարգավիճակ, այսինքն անվտանգությունը բարելավվում է, երբ այս անորոշ վիճակը շարունակվում է, երբ Արցախը լինում է Ադրբեջանի կազմում։
«Վստահ եմ, որ նույնիսկ անվտանգության վիճակի վատթարացման պարագայում շատ արցախցիներ որոշելու են չլքել հայրենիքը։ Այդ դեպքում թե Սփյուռքի, թե Հայաստանի հայությունն ամեն ինչ պետք է անի նրանց օգնելու համար»,-ասաց Ապիտոնյանը։
Նրա խոսքով, մենք ավելի հաճախ կենտրոնանում ենք առկա հակասությունների վրա, մինչդեռ հայությանը միավորող ավելի շատ բաներ կան։
«Մենք աշխատելու ենք բոլոր այն առողջ ուժերի հետ, որոնք ուզում են միմյանց հետ համագործակցել, փոխել այս իրականությունը, դուրս գալ ստեղծված իրավիճակից, ձևավորել մի երկիր, զարգացման մի մակարդակի բերել մեր ժողովրդին, որը հարիր է 21-րդ դարին։ Այսինքն ցանկացած ծրագիր մենք նայում ենք 10-20 տարվա կտրվածքով»,-մանրամասնեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան