ՌԴ վաստակավոր արտիստ Գեորգի Մարտիրոսյանը հոսպիտալացվել է
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Գեորգի Մարտիրոսյանը հոսպիտալացվել է, նա Մոսկվայի հիվանդանոցներում մեկում է։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը` հղում անելով 112 Թելեգրամ ալիքին:
Ըստ աղբյուրի, դերասանի մոտ բորբոքային պրոցեսներ են սկսվել։ 75-ամյա Մարտիրոսյանն այս պահին ուրոլոգիական համալիր հետազոտություն է անցնում։
Գեորգի Մարտիրոսյանի կինը՝ Նատալյա Մամոնովան, Գազետա.ռու-ին հայտնել է, որ դերասանն իսկապես հիվանդանոցում է։ Սակայն, ըստ նրա, խոսքը պլանային հետազոտության մասին է։
«Նա չի հոսպիտալացվել, նրա հետ ոչինչ չի կատարվում։ Սա պլանային հետազոտություն է։ Երեք օր և վերադարձել է», - Մամոնովան պատասխանել է ամուսնու հոսպիտալացման մասին լուրերին:
Գեորգի Մարտիրոսյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ Հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը` ռուս։ 16 տարեկանում ընդունվել է Ռոստովի թատերական ինստիտուտ, որն ավարտել է 1968 թվականին։ Բանակում ծառայել է երգի-պարի համույթում և հանդես եկել որպես կոնֆերանսիե։ Այնուհետև աշխատել է Ռոստովի Մաքսիմ Գորկու անվան ակադեմիական թատրոնում, իսկ հետո` Ռոստովի երիտասարդական թատրոնում։ 1980-1983 թվականներին աշխատել է Մոսկվայի երգիծանքի թատրոնում։ Խաղացել է տարաբնույթ դերեր` տարբեր թատրոնների ներկայացումներում։ 1983-1993 թվականներին աշխատել է Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնում, իսկ 1998 թվականից` «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում։ 1974 թվականից նկարահանվում է կինոյում, կրկնօրինակել է բազմաթիվ արտասահմանյան ֆիլմեր։
Նա հայտնի է «Վորոշիլովյան հրաձիգը», «Ռանետկի» և այլ ֆիլմերում մարմնավորած դերերով։