Հայաստանում, գոնե ֆինանսական ոլորտում, գենդերային հավասարություն է. Հայկ Եգանյան
Ամբողջ աշխարհում ֆոնդային բորսաները կազմակերպում են զանգի հնչեցման արարողություն՝ բարձրացնելու իրազեկությունը ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց հզորացմանը վերաբերող Կայուն զարգացման նպատակ 5-ի առաջմղման գործում մասնավոր հատվածի առաջնային դերի վերաբերյալ: Այսօր Երևանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կանանց հզորացման սկզբունքներին նվիրված «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջոցառմանը, որը կազմակերպվել է ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համագործակցությամբ, հնչեց այդ զանգը։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա միջոցառմամբ փորձում են ևս մեկ անգամ հիշեցնել կանանց կարևոր դերը տնտեսության ու բիզնեսի մեջ, առհասարակ գենդերային հավասարությունը բիզնես ոլորտում։
«Չորրորդ տարին ենք մասնակցում այս արարողությանը։ Աշխարհի 117 բորսաներ իրենց երկրներում կազմակերպում են նման միջոցառում՝ կարևորելու գենդերային հավասարությունը»,- նշեց նա։
Հ.Եգանյանն ընդգծեց, որ կանանց ներգրավվածությունը տնտեսության արդյունավետության, ակտիվության համար ամենակարևոր հանգամանքներից մեկն է. «Դիսկրիմինացնելը բերելու է տնտեսության ակտիվության անկմանը, քանի որ լինելու է աշխատուժ, որն արդյունավետ չի աշխատելու, ներդրում չի կատարելու տնտեսության զարգացման մեջ»։
Հայկ Եգանյանի խոսքով, Հայաստանում ֆինանսական ոլորտում դիսկրիմինացիա ընդհանրապես չկա, հակառակը՝ կանայք գերակա են։ Օրինակի համար նշեց, որ իրենց ընկերությունում 65-ից ավելի աշխատակից կա, 40-ից ավելին կանայք են։
«Չէի ասի, որ Հայաստանում նման խնդիր կա, գոնե ֆինանսական ոլորտում»,- ասաց նա։
Միջոցառման ընթացքում հայաստանյան 14 մասնավոր ընկերություններ ստորագրեցին Կանանց հզորացման սկզբունքների (ԿՀՍ) համատեղ հայտարարգիր։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին ասաց, որ կանանց տնտեսական հզորացումը չափազանց կարևոր է. «ՄԱԶԾ-ն՝ գործընկերների հետ միասին, հատուկ ուշադրություն է դարձնում Կանանց հզորացման սկզբունքների առաջխաղացմանը, և մենք հուսով ենք, որ ԿՀՍ-ին միացած կազմակերպությունները կդառնան առաջատարներ իրենց գործունեության մեջ սկզբունքների կիրառման հարցում՝ առաջնահերթություն տալով գենդերազգայուն մոտեցումներին»։
Panorama.am-ի հետ զրույցում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանն ասաց, որ Հայաստանում մասնավոր ընկերությունները մեծագույն գործատուներից են. «Այստեղ մենք շատ հեաքրքիր զարգացումներ ենք նկատում։ 2019 թվականից ՄԱԿ-ի «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում բիզնես ոլորտի գործընկերներին առաջարկել ենք միանալ կանանց հզորացման սկզբունքներին։ 25 կազմակերպություն միացել է այդ գործընթացին՝ ցուցաբերելով հետաքրքրություն, նաև կարևորելով գենդերային հավասարությունը և գենդերազգայուն կառավարումն իրենց աշխատանքների մեջ»։
Նա նշեց, որ կազմակերպությունները ցուցաբերելով հետաքրքրություն՝ նաև որոշում են, թե ինչ քաղաքականություն պետք է վարեն, որպեսզի ապահովեն կանանց առաջխաղացումը կազմակերպությունների ներսում։
Ժ.Հարությունյանի խոսքով, Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ, սակայն քաղաքական, բիզնես ոլորտներում բարձր պաշտոններ, պաշտոններ զբաղեցնող կանայք բավականին քիչ են։
Սկիզբ առնելով 2010թ․ «ՄԱԿ կանայք» կազմակերպության և ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի համատեղ ջանքերով՝ ԿՀՍ նախաձեռնությունը նպատակ ունի համայնքում, բիզնեսում և աշխատավայրում խթանել կանանց և աղջիկների հզորացումը՝ յոթ առանցքային սկզբունքները կյանքի կոչելու միջոցով`
Սկզբունք 1 - Ստեղծել բարձր մակարդակի կորպորատիվ առաջնորդություն գենդերային հավասարության համար,
Սկզբունք 2 - Բոլոր կանանց և տղամարդականց հավասարապես վերաբերվել աշխատավայրում, հարգել և աջակցել մարդու իրավունքներին ու խտրականության բացառմանը,
Սկզբունք 3 - Ապահովել բոլոր կին և տղամարդ աշխատողների առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը,
Սկզբունք 4 - Նպաստել կանանց կրթությանը, վերապատրաստմանը և մասնագիտական զարգացմանը,
Սկզբունք 5 - Իրականացնել ձեռնարկությունների ստեղծման, մատակարարման շղթայի և մարկետինգի՝ կանանց հզորացնող պրակտիկաներ,
Սկզբունք 6 - Խթանել հավասարությունը համայնքային նախաձեռնությունների և իրազեկվածության բարձրացման միջոցով,
Սկզբունք 7 - Չափել և հանրայնորեն զեկուցել գենդերային հավասարությանը հասնելու առաջընթացի մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա