Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs), որի նպատակն աշխատավայրերում, համայնքներում ու բիզնես ոլորտում կանանց հզորացումն է ու գենդերային հավասարության խթանումը։
«Մենք միացել ենք ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին, որպեսզի խթանենք վերջինիս սկզբունքների տարածումն ու զարգացումը։ Այդ սկզբունքների նպատակը, առաջին հերթին, հավասարության սահմանումն է՝ սկսած աշխատանքային բարվոք պայմաններից մինչև առողջության, անվտանգության, բարեկեցության, կրթության ու մասնագիտական զարգացման հավասար հնարավորությունների ստեղծում։ Պետք է ընդգծել, որ այս ծրագրին անդամակցելով՝ մենք ոչ թե նոր պարտավորություն ենք ստանձնում, այլ վերահաստատում ենք և ընդգծում մեր կողմից վաղուց որդեգրված քաղաքականությունը. կանայք չափազանց կարևոր դեր են խաղում բոլոր բնագավառներում»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
Բանկից մանրմասնում են՝ Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ «Կանանց հզորացման սկզբունքները. հավասարություն աշխատավայրում» թեմայով։
Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկն է, որտեղ աշխատում է իգական սեռի շուրջ 1100 ներկայացուցիչ, ինչը կազմում է բանկի ընդհանուր աշխատակիցների շուրջ 65%-ը։