Թողնել Արցախին անպաշտպան գայլային ոհմակների մեջ, նշանակում է կրկնի, եռակի դավաճանություն գործել. Մինասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը չի հավատում, որ Հայաստանի իշխանությունն իսկապես կկարողանա հասնալ համաձայնության, կստեղծվի միջազգային մեխանիզմ, որի շուրջ Ստեփանակերտն ու Բաքուն որպես իրավահավասար կողմեր կբանակցեն։
«Իշխանության վարքագծում բացակայում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Իրենց այսօրվա վարքագիծը հակասում է իրենց իսկ հայտարարած նախընտրական, կառավարության ծրագրերի դրույթներին՝ անջատում հանուն փրկության կոնցեպտի ներքո, կամ որ մենք ասում ենք՝ ճանաչում հանուն փրկության։ Այս ամեն ինչի հիմքում ինքնորոշման իրավունքն է, որից այսօրվա իշխանությունը հրաժարվում է։ Եթե չհրաժարվի ու այս մոտեցումով գնա, իհարկե, կարելի է քննարկել և տեսնել, թե ինչ մեխանիզմ է, բայց ի սկզբանե, երբ որ իրենք հրաժարվում են, իրենց գործողությունը դառնում է ընդամենը ժամանակը ձգելու միջոց, այն էլ ոչ մեր օգտին, այլ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարարելուն ուղղված ժամանակ ձգելու միջոց։
Տարածաշրջանում այսօրվա որոշակի խառնաշփոթ պայմաններում մեր վիճակն էլ ավելի վատթարացնելու պայման է ստեղծում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Ա. Մինասյանը։
Նրա խոսքով, այն, ինչ արեց Ադրբեջանի հանցագործ նախագահ Ալիևը մյունխենյան համաժողովի ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի վզին փաթաթել Փաշինյանի և նրա իշխանության դավադիր և կապիտուլյացիոն ելքը։
«Սա, ըստ էության, հետևանք է այն բանի, որ այսքան ժամանակ Հայաստանի գործող իշխանությունը փորձում է թե մեր հանրությանը, թե միջազգային հանրությանը ներկայացնել, թե հայ ժողովուրդը հաշտվել է այն դառն իրականության հետ, որ մենք կորցրել ենք Արցախը կամ կորցրել ենք Հայաստանը պաշտպանելու կարողությունը։ Սա իրար հետ սինխրոնիզացված վարքագիծ է. մեկը Հայաստանի ներսում իր իշխանությունը պահելուն ուղղված գործողություն է անում, Ալիևը միջազգային հանրության շրջանում ու իր երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելուն ուղղված գործողություն է անում։ Երկուսն էլ դեմ են հայ ժողովորդի ընդհանուր պատկերացումներին»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ա. Մինասյանը նշեց, որ թողնել Արցախին անպաշտպան գայլային ոհմակների մեջ ու հիմնավորել, որ Արցախը, արցախահայությունն է որոշելու՝ ինչպես շարժվել առաջ, նշանակում է նորից կրկնի, եռակի դավաճանություն գործել։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է Լաչինի միջանցքի բացման դեպքում տեսահսկող սարքերի տեղադրումը ու դրանց վերահսկողությունը Ադրբեջանին հաձնելը, Ա. Մինասյանն ասաց. «Դա կլինի ամենախայտառակ զիջումը։ Արդեն մոտենում է Արցախի շրջափակման երրորդ ամիսը ու հասկանում ենք, որ ինչ-որ քայլեր պետք է իրականացվեն, այդ թվում նաև միջազգային դատարանի որոշման կատարման շրջանակում պետք է պահանջները խստացվեն, որպեսզի որոշակի լուծում տրվի, բայց որևէ զիջում, որևէ համաձայնություն, որտեղ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը, ադրբեջանական ստորաբաժումներ պետք է իրականացնեն Արցախի Հանրապետության մուտք ու ելքի նկատմամբ նման կարգի հսկողական գործառույթներ, նշանակում է՝ ուղղակի դանդաղ մահվան ենք դատապարտում արցախահայ մեր քույրերին ու եղբայրներին։
Նման զիջումների չպետք է գնալ, այլ ամեն ինչ անել, Ռուսաստանի հետ աշխատելով բացառել նման ելքը, այլ ոչ թե ՌԴ-ին դարձնել հերթական թշնամին, հակառուսական այս մթնոլորտը ձևավորել, մի հատ էլ ՌԴ-Արևմուտք հակադրությունը բերել Հայաստան, այն, ինչին այսօրվա Հայաստանը գնում է։ Սա այդ ծրագրերից մեկը կարող է լինել»։