Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից թիրախավորվել էր Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2023 թվականի փետրվարի 21-ին Ներսես Գարեգին Ասրյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական մշակութային ժառանգության թիրախավորման ևս մեկ ապացույց։
Ինչպես նշում է պարոն Ասրյանը, խոսքը վերաբերում է Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցուն, որը «պատերազմի օրերին «մազապուրծ» է եղել ավերվելուց: Այս հրթիռն ընդամենը մի քանի մետր է վրիպել եկեղեցուն հարվածելուց և մխրճվել հողի մեջ՝ եկեղեցուց քիչ հեռու: Մինչ այս չէինք նկատել. կամ կանաչով էր ծածկված եղել, կամ էլ ձյունով»։
Արցախի համապատասխան ծառայությունների կողմից արկը վնասազերծվել և հեռացվել է։
Մեր արձագանքը
Մշակութային արժեքների պաշտպանության գլխավոր դրույթը ձևակերպված է 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» կոնվենցիայի 4-րդ հոդվածում. «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց սեփական, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի և հաշվեհարդարի գործողություններից»։
Պատերազմների/զինված բախումների դեպքում մշակութային արժեքների թիրախավորման արգելքը ամրագրված է նաև Միջազգային մարդասիրական կանոններով, որոնք ունեն սովորութային իրավունքի կարդավիճակ․ այսինքն միջազգայնորեն պարտադիր են։ Միջազգային մարդասիրական օրենքի 38-րդ կանոնը պնդում է. «Հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է հարգի մշակութային արժեքը և ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ խուսափելու կրոնին, արվեստին, գիտությանը, կրթությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների և պատմական հուշարձանների վրա հարձակումներից, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»։ Իսկ 40-րդ կանոնն ամբողջացնում է ասվածը՝ նշելով, որ հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է պաշտպանի մշակութային ժառանգությունը. «Յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող ժառանգության գողության, կողոպուտի կամ յուրացման և վանդալիզմի ցանկացած ձևի գործողություն արգելվում է»։
Հաագայի 1999 թվականին ընդունված երկրորդ արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն, հարձակման ժամանակ ժառանգության արժեքները չվնասելու համար հակամարտության կողմերից պահանջվում է՝
ա) անել հնարավորը` ստուգելու համար, որ հարձակման ենթակա օբյեկտը 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածով պաշտպանված մշակութային արժեք չլինի,
բ) ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները հարձակման միջոցների և մեթոդների ընտրության հարցում՝ մշակութային արժեքների պատահական վնասներից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու համար,
գ) ձեռնպահ մնալ հարձակումը սկսելու որոշում կայացնելուց, որը ենթադրում է, որ պատահական վնաս կհասցնի մշակութային արժեքներին,
դ) չեղյալ հայտարարել կամ կասեցնել հարձակումը, եթե պարզվում է, որ թիրախը մշակութային արժեք է, որի վրա հարձակումը կարող է պատահական վնաս պատճառել դրան, որը չափազանց մեծ կլինի կանխատեսված կոնկրետ և ուղղակի ռազմական առավելության համեմատ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի մշակութային հարստությունը՝ առցանց ցուցահանդեսում
- Այս անգամ էլ Ազոխի քարայրը՝ ադրբեջանցիների թիրախում. monumentwatch.org
- Ադրբեջանի քարոզիչներն ու «փորձագետները» տարրական գիտելիքի պակասը լրացնում են ինքնահնար հայտարարություններով. monumentwatch.org
- Նոր փաստեր Մեծ Թաղեր գյուղի, գերեզմանատան, դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ավերման մասին. monumentwatch.org
- Երևանի մահմեդական դամբարանի մասին. monumentwatch.org
- Շուշին որպես մահմեդական աշխարհի մշակութային ու հոգևոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը. monumentwatch.org
- Ադրբեջանը շարունակում է հակահայ հռետորաբանությունը միջազգային հարթակում. monumentwatch.org
- Ադրբեջանական հերթական զավեշտը. monumentwatch.org
- Ուդիական քարոզչություն Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում. monumentwatch.org